- Գլխավոր
- Նորություններ
- Միջբուհական կապերի ամրապնդում ԵՊՀ-ի և Ռոսարիոյի ազգային համալսարանի միջև
Հոկտեմբեր 01, 2025 | 12:42
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Միջբուհական կապերի ամրապնդում ԵՊՀ-ի և Ռոսարիոյի ազգային համալսարանի միջև
ԵՊՀ-ում հյուրընկալվել էր Ռոսարիոյի ազգային համալսարանի (Արգենտինայի Հանրապետություն) ռեկտոր Ֆրանկո Բարտոլաչին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայագիտական և կրթական ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները և զարգացման հեռանկարները։

Հանդիպմանը մասնակցել են ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ինչպես նաև Արգենտինայում ՀՀ պատվավոր հյուպատոս Էկտոր Մուրադ Յուսուֆյանը։
Պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ներկայացրեց Երևանի պետական համալսարանի կրթական ծրագրերը և իրականացվող կարևոր նախաձեռնությունները, ինչպես նաև ընդգծեց երկու համալսարանների միջև համագործակցության զարգացման կարևորությունը։
Երևանի պետական և Ռոսարիոյի ազգային համալսարաններն ունեցել են համագործակցության պայմանագիր, որի գործողության ժամկետն ավարտվել է։ Ներկայում բանակցություններ են ընթանում նոր պայմանագրի վերակնքման և արդիականացման ուղղությամբ։ Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունների ընդլայնումը՝ հաշվի առնելով ժամանակակից պահանջներն ու երկու բուհերի ընդհանուր նպատակները։
«Ռոսարիոյի ազգային համալսարանը միակն է Արգենտինայում, որտեղ կա հայագիտական կենտրոն, և իրականացվում են հայագիտական ծրագրեր։ Մենք շարունակելու ենք համագործակցել նաև հայագիտական կենտրոնի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև հրավիրել դասախոսների՝ մասնակցելու մեր միջոցառումներին»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը՝ ընդգծելով, որ ձեռք է բերվել փոխըմբռնման համաձայնություն՝ նպատակ ունենալով պայմանագրի շրջանակում ոչ միայն շարունակելու համագործակցությունը, այլև ուսումնասիրելու ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակման հնարավորությունները։
Հաշվի առնելով, որ համագործակցության հնարավորությունները կախված են արտաքին ֆինանսավորումից և երկու երկրների միջև մեծ հեռավորությունից, քննարկվել են նաև առցանց շարժունակության հնարավորությունները ուսանողների համար, ինչպես նաև առցանց դասախոսությունների կազմակերպման ուղիները։
Հանդիպման ընթացքում կարևորվել է միջբուհական համագործակցությունը, մասնավորապես կրթական երկու հաստատությունների գործակցության և միջբուհական կապերի ամրապնդումը։