- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ուսանողի կրթական փորձառությունը Սլովակիայում
Հոկտեմբեր 13, 2025 | 12:11
Կարիերա
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ուսանողի կրթական փորձառությունը Սլովակիայում
«Արտասահմանում ուսանելն ինձ դարձրել է ավելի համարձակ, նպատակասլաց և պայքարող. սովորել եմ «այո՛» ասել կյանքի ընձեռած հրաշալի հնարավորություններին»,- ասում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի չորրորդ կուրսի ուսանող Ստելլա Ղազարյանը։ Նա «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանում (Սլովակիա)։ Ստելլան ընդգծում է, որ արտերկրում ուսանելու փորձն անփոխարինելի դերակատարում է ունեցել իր անձնական ու մասնագիտական զարգացման գործում։

Մասնագիտական առումով Ստելլան ձեռք է բերել արժեքավոր փորձառություն՝ խորացված կերպով ուսումնասիրելով մասնագիտական առարկաները անգլերենով, ինչը ուսման գործընթացը դարձրել է առավել հետաքրքիր և ներգրավող։
«Արտերկրում սովորելը սրտի խորքում պահած ցանկություն էր, որի մասին հաճախ էի մտածում։ Դեռ երրորդ կուրսից սկսել եմ փնտրել և հետաքրքրվել փոխանակման ծրագրերով։ Երազում էի Իսպանիա գնալու մասին․ այն երազանքներիս երկիրն է։ Սակայն առարկաների անհամապատասխանության պատճառով չստացվեց։ Չհանձնվեցի, դիմեցի Բրատիսլավայի համալսարան ու կատարեցի ամենամեծ ցանկություններիցս մեկը։ Արտերկրում սովորելու մտքից աչքերս փայլում էին, քանի որ գիտեի՝ հնարավորություն կունենամ ձեռք բերելու նոր գիտելիքներ, ինչպես նաև ճանապարհորդելու, և այդպես էլ եղավ։ Բացի համալսարանում բարձր առաջադիմությամբ սովորելուց՝ հասցրել եմ նաև լինել եվրոպական տասը երկրում՝ ունենալով «խելահեղ» կիսամյակ։ Կարճ ասած՝ արտասահմանում կրթությունս շարունակելուն նպաստեց ներքին համոզմունքն ու հավատը, որ գնում եմ ճիշտ ճանապարհով և իրականացնելու եմ բազմաթիվ երազանքներ»,- ասում է ԵՊՀ ուսանողը։

Ստելլան պատմում է, որ ուսման ընթացքում ձեռք է բերել նոր հմտություններ․ սկսել է ավելի մանրակրկիտ վերլուծություններ կատարել, մասնագիտական խնդիրներում ուշադրություն դարձնել մանրուքներին, դարձել է ավելի կազմակերպված, ինչը հատկապես կարևոր է կառավարչի մասնագիտության համար։
«Համալսարանը բավականին հարմարավետ ու գեղեցիկ էր։ Կային այնպիսի սրահներ, որոնք նպատակահարմար էին և՛ ոչ ֆորմալ քննարկումների, և՛ դասապատրաստման համար։ Ընդհանուր առմամբ՝ համալսարանի միջավայրը տրամադրող ու մոտիվացնող էր։ Այն ամբողջությամբ համապատասխանում էր իմ պատկերացրած ակադեմիական միջավայրին։ Որպես մասնագիտական ճյուղ՝ հետաքրքրված եմ նախագծերի կառավարմամբ։ Սիրում եմ կազմակերպել ու իրականացնել բազմապիսի ծրագրեր։ Ինձ թվում է՝ նախընտրությունս կապված է բնավորությանս հետ. գտնում եմ, որ ունեմ առաջնորդական հակումներ և կազմակերպչական հմտություններ»,- մատնանշում է Ստելլան, որն արտերկրի համալսարանում ուսումնասիրել է «Մարքեթինգ», «Բաշխումների կառավարում» (վերջինս նրա համար նորություն էր), ինչպես նաև այլ առարկաներ։
Ինչպես ցանկացած ուսանող, որն առաջին անգամ է մեկնում արտերկիր՝ ուսանելու, Ստելլան ևս հանդիպել է որոշակի խոչընդոտների։ Նա նշում է, որ սկզբնական փուլում ամենամեծ խնդիրը տեղեկության պակասն էր։ Այս փորձից ելնելով՝ Ստելլան առաջարկում է մշակել տեղեկատվական ուղեցույց կամ տեղեկատու-օրագիր, որը կօգնի «Էրազմուս+» ծրագրին դիմող ուսանողներին կողմնորոշվելու և ապահովելու ավելի հստակ ու կազմակերպված գործընթաց։ Նրա խոսքով՝ «Էրազմուս+» ծրագիրը, բացի ակադեմիական գիտելիքներից, սովորեցրել է նաև չհանձնվել դժվարությունների հանդիպելիս։
Ստելլան նշում է, որ անսովոր էր մահմեդական սենյակակից ունենալը։ Սակայն, կոտրելով նախկինում ձևավորված կարծրատիպերը, հասկացել է՝ ընկերությունն ու մարդկային կապը կրոն կամ ազգություն չեն ճանաչում։ Մինչ օրս նա կապի մեջ է նաև իր լավագույն ընկերոջ հետ, որն Ուզբեկստանից է։

Բազմամշակութային միջավայրում ուսանելը Ստելլային հնարավորություն է տվել շփվելու բազմաթիվ ազգերի ներկայացուցիչների հետ։ Նա վստահ է՝ աշխարհի տարբեր ծայրերում ձեռք բերած ծանոթներն ու ընկերները հարստացրել են իր աշխարհայացքը։
«Աշխարհի տարբեր հատվածներում լավ ու անկեղծ ընկերներ ունենալն ուղղակի հրաշալի է»,- շեշտում է նա՝ ինքնաբացահայտման հնարավորությունը համարելով բազմամշակութային միջավայրում ապրելու ամենամեծ առավելությունը։
«Նոր միջավայր, նոր մարդիկ, նոր փորձառություններ․ այս ամենը խթանեց ինքս ինձ ավելի լավ ճանաչելու գործընթացը»,- ընդգծում է նա։
Դեռ դպրոցական տարիքից Ստելլան ակտիվ ներգրավվածություն է ցուցաբերել ոչ ֆորմալ կրթության ոլորտում՝ մասնակցելով տարբեր խմբակների և ակումբների, ինչն էլ նպաստել է մասնագիտության ընտրությանը։ Նա կատարում է նաև կամավորական աշխատանքներ, համագործակցում մարդասիրական հիմնադրամների հետ և հաճախ օգտվում նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություններից։
«Կրթության մեջ ինձ համար ամենակարևորը մասնագիտական և կիրառական գիտելիքների ձեռքբերումն է։ Այս առումով ԵՊՀ-ն իմ միանշանակ ընտրությունն էր։ Մայր բուհի ուսանող լինելը ոչ միայն հպարտություն, այլև մեծ պատասխանատվություն է։ ԵՊՀ-ն ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ՝ նոր կապեր, ծանոթություններ, ծրագրեր և փոխանակման հնարավորություն»,- ասում է ուսանողը, որը նպատակ ունի շարունակելու ուսումը և ապագայում դառնալու ոլորտի առաջատար մասնագետ՝ սեփական բիզնես ունենալու ձգտումով։