- Գլխավոր
- Նորություններ
- Միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում. մաթեմատիկայից մինչև տիեզերագնացություն
Հոկտեմբեր 08, 2025 | 13:33
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում. մաթեմատիկայից մինչև տիեզերագնացություն
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ընթանում է «Ստոխաստիկ, ինտեգրալ երկրաչափություն և հարակից ոլորտներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Գիտաժողովի նպատակն է համախմբել պատահական երկրաչափական օբյեկտների հետ աշխատող հետազոտողներին և պրակտիկանտներին, նպաստել ստոխաստիկ երկրաչափության, ինչպես նաև հարակից ոլորտների զարգացմանը, ներառյալ՝ կետային գործընթացների տեսության, ինտեգրալ երկրաչափության, ստերեոլոգիայի, տարածական վիճակագրության, ստոխաստիկ և ինտեգրալ երկրաչափության, կիրառական այլ ոլորտներ:

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վիկտոր Օհանյանն ընդգծեց, որ ստոխաստիկ, ինտեգրալ երկրաչափության թեմայով միջազգային գիտաժողով Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է 1985 թ. ՀՀ ԳԱԱ-ի նախաձեռնությամբ։
«Այդ գիտաժողովն անցկացվեց Սևան քաղաքում, իսկ բացումը վերապահված էր ակադեմիկոս, ԳԱԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանին: Հիմա ԵՊՀ-ում կազմակերպել ենք այս թեմայով երկրորդ միջազգային գիտաժողովը: Արտերկրից, այդ թվում՝ Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Շվեյցարիայից հրավիրված են 34 գիտաշխատողներ»,- ասաց պրոֆեսորն ու ընդգծեց, որ գիտաժողովում քննարկվող հետազոտություններն ուղղված են ի նպաստ մի շարք ոլորտների, այդ թվում՝ բժշկության, տիեզերագնացության զարգացմանը:
Գիտաժողովին մասնակցում են նաև Սանկտ Պետերբուրգից ժամանած մագիստրանտներ և ասպիրանտներ: Վիկտոր Օհանյանն ընդգծեց, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի տնօրենի տեղակալ Դմիտրի Զապորոժեցի հետ քննարկել են համագործակցության հնարավորությունները, և առաջիկայում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 2 ուսանողի կտրվի հնարավորություն՝ 1-2 ամսով անվճար ուսումնառելու Սանկտ Պետերբուրգում:

Բեռնի մաթեմատիկական վիճակագրության և ակտուարական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Իլյա Մոլչանովը ներկայացրեց վերջին ամիսներին կատարած իր հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են ստոխաստիկ երկրաչափությանն ու հավանականության տեսության որոշ հարցերի: Նա, կարևորելով գիտաժողովի անցկացումը, նշեց, որ այն մեկ հարկի տակ է հավաքել նաև հետազոտողների այնպիսի երկրներից, որոնք արտաքին քաղաքական իրավիճակի պատճառով ներկայում չունեն համագործակցություն գիտակրթական ոլորտում։
«Իրապես հաճելի է ունենալ հնարավորություն դեմ առ դեմ շփվելու այն հետազոտողների հետ, որոնք ապրում են քաղաքական դրդապատճառներով միմյանց հետ չհամագործակցող երկրներում»,- ասաց նա ու հավելեց, որ ինքը միշտ պատրաստ է համագործակցելու ԵՊՀ-ի հետ:

Ֆրանսիայի Լիլի համալսարանի գիտաշխատող Սերգեյ Դաշյանը, որն աշխատում է պատահական պրոցեսների վիճակագրության բնագավառում, կոնֆերանսին ներկայացնելու է ռադիոակտիվ աղբյուրների տեղակայման վերաբերյալ իր հետազոտության արդյունքները. «Վերջին 6 տարիներին տարբեր գիտաշխատողների հետ (այդ թվում՝ ՌԴ-ից, Ֆրանսիայից) միջազգային գիտական հանդեսներում մի շարք հոդվածներ ենք հրատարակել ռադիոակտիվ աղբյուրների տեղակայման վերաբերյալ: Դետեկտորները տարբեր վայրերում ստանում են ազդանշաններ մեկ աղբյուրից։ Ըստ ազդանշանի՝ պետք է հասկանալ, թե որտեղ է գտնվում աղբյուրը: Սա մաթեմատիկական տեսակետից բավական հետաքրքիր խնդիր է, որով ինժեներները երկար ժամանակ զբաղվել են, բայց ոչ ճշգրիտ ձևով են դա դիտարկել, իսկ մաթեմատիկոսների գործն ավելի ստույգ տեսություն ստեղծելն է»:
Սերգեյ Դաշյանն ընդգծեց, որ աշխարհի տարբեր ծայրերից եկած գիտաշխատողների հետ շփումները փորձի փոխանակման մեծ հնարավորություն են. «Գիտաժողովները շատ կարևոր են հետազոտողների համար՝ ցույց տալու իրենց կատարած աշխատանքը, տեղեկանալու այլ հետազոտողների աշխատանքներին, ինչն էլ նպաստում է գիտության զարգացմանը»:
Սերգեյ Դաշյանի խոսքով՝ ինքը պատրաստ է հանդիպելու ԵՊՀ մագիստրանտների հետ՝ ներկայացնելու իր հետազոտական ուղղությունն ու ասպիրանտուրայում համատեղ հետազոտություն կատարելու հնարավորությունը: