- Գլխավոր
- Նորություններ
- Էկոլոգիական արժեքները՝ նախաձեռնության հիմք․ կազմակերպվեց շաբաթօրյակ
Հոկտեմբեր 11, 2025 | 16:08
Գիտություն
Կրթություն
Հասարակություն
Էկոլոգիական արժեքները՝ նախաձեռնության հիմք․ կազմակերպվեց շաբաթօրյակ
Ուսանողների էկոլոգիական գիտելիքները զարգացնելու, բնապահպանական գործընթացներում նրանց ներգրավելու, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմունքը ամրապնդելու նպատակով ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի նախաձեռնությամբ Օղակաձև զբոսայգու տարածքում կազմակերպվեց շաբաթօրյակ։

Շաբաթօրյակը միտված էր ոչ միայն քաղաքի մաքրությանը նպաստելուն, այլև ուսանողների ու հանրության շրջանում շրջակա միջավայրի պահպանության կարևորության գիտակցությունը խթանելուն։ Այն նաև դասախոս-ուսանող համագործակցությունը ոչ ֆորմալ միջավայրում ամրապնդելու հնարավորություն էր։
Նախաձեռնությանը մասնակցեցին ավելի քան 30 ուսանողներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից, ՈՒԽ և ՈԻԳԸ ներկայացուցիչներ։ Այս ձևաչափը նպաստեց տարբեր մասնագիտությունների ուսանողների փոխճանաչմանը և համագործակցությանը՝ համախմբելով նրանց էկոլոգիական արժեքների շուրջ։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, կ.գ.թ., ասիստենտ Սյուզաննա Եսոյանը, անդրադառնալով շաբաթօրյակի կարևորությանն ու նպատակներին, նշեց․ «Շաբաթօրյակը երկու հիմնական նպատակ ուներ․ նախ՝ ուսանողների շրջանում խթանել բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք։ Թեև մենք մշտապես խոսում ենք այդ մասին, սակայն քաղաքում դեռ երբեմն կարելի է տեսնել աղբի կույտեր, ծխախոտի մնացուկներ, ջարդված ապակիներ, որոնք հատկապես ամռանը կարող են հրդեհի վտանգ ստեղծել։ Այսպիսի միջոցառումները նման երևույթները կանխարգելող նշանակություն ունեն։ Երկրորդ նպատակը համալսարանի տարածքում և, առհասարակ, շրջակա միջավայրում պարբերաբար հոգատար վերաբերմունքի դրսևորումն է։ Որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ կարևորում եմ բնապահպանական միջոցառումները։ Այս շաբաթօրյակը այդ նպատակին միտված միջոցառումների շարքի հերթական նախաձեռնությունն էր, որը հաջողվեց կյանքի կոչել մեր ամբիոնի աշխատակիցների և ուսանողների ակտիվ մասնակցության շնորհիվ»։
Միջոցառման մասնակիցները տարածքում կատարեցին սանմաքրման անհրաժեշտ աշխատանքներ՝ ընդգծելով բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, քաղաքացիական պատասխանատվության և համատեղ աշխատանքի կարևորությունը շրջակա միջավայրի պահպանության գործում։