- Գլխավոր
- Նորություններ
- Համալսարանականները «eCAMPUS» նախագծի շրջանակում այցելել են Շվեդիա
Հոկտեմբեր 29, 2025 | 11:20
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Շարունակական կրթություն
Համալսարանականները «eCAMPUS» նախագծի շրջանակում այցելել են Շվեդիա
Ստոկհոլմի թագավորական ինստիտուտում (Շվեդիա) կայացավ Երևանի պետական համալսարանի համակարգմամբ իրականացվող «ERASMUS+» ծրագրի «eCAMPUS» նախագծի «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ» խորագրով ուսուցողական երկօրյա այցը, որն ուղղված էր Հայաստանի բուհերում թվային ուսուցման և ուսումնառության որակի ներքին ապահովման համակարգի մշակմանը։
Հոկտեմբերի 14-ին և 15-ին կայացած ուսումնական այցին մասնակցել են նախագծի գործընկեր հայաստանյան ու եվրոպական բուհերի և գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Հայկական պատվիրակության կազմում էին Երևանի պետական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական, Հյուսիսային համալսարանների, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտի, Բարձրագույն կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչները։
Եվրոպական գործընկերներից այցի շրջանակում անցկացված հանդիպում-քննարկումներին մասնակցել են Մադրիդի ինքնավար համալսարանի (Իսպանիա), Լիսաբոնի համալսարանի (Պորտուգալիա) և Ջենովայի համալսարանի (Իտալիա) ներկայացուցիչները։
Երևանի պետական համալսարանից Ստոկհոլմի թագավորական ինստիտուտ կատարված այցին մասնակցել են Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը, որը նաև նախագծի համակարգողն է, և նույն կենտրոնի փոխտնօրեն Մարի Սանթուրջյանը։
Երկօրյա այցի շրջանակում անցկացված «Թվային ուսուցման և ուսումնառության որակի ներքին ապահովման համակարգ» խորագրով հանդիպում-քննարկման առաջին օրը ելույթներով հանդես եկան և իրենց փորձը ներկայացրին Ստոկհոլմի թագավորական ինստիտուտի ակադեմիական զարգացման բաժնի և որակի ապահովման կենտրոնի պատասխանատուները։ Նրանք մանրամասն ներկայացրին իրենց բուհում գործող համակարգերը, գնահատման մեխանիզմները և թվային ուսուցման յուրահատկությունները։ Իրենց հետաքրքիր և ուսուցողական բնույթով առանձնացան «Թվային փոխակերպումները բարձրագույն կրթության համակարգում» և «Որակի ապահովման եվրոպական և ազգային հեռանկարները» զեկուցումները։
Ուսումնական այցի առաջին օրը կարևորվեց նաև հետաքրքիր շրջայցով Ստոկհոլմի թագավորական ինստիտուտում։
Երկրորդ օրը նախագծի եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչները՝ Ջիովանի Ադորնին (Ջենովայի համալսարան), Ռուի Մենդեսը (Լիսաբոնի համալսարան), Ռեյես Հերնանդեսը (Մադրիդի համալսարան) և Վիկտոր Կորդասը (Ստոկհոլմի թագավորական ինստիտուտ) ներկայացրին իրենց երկրներում թվային ուսուցման առանձնահատկությունները և որակի ապահովման համապատասխան մեխանիզմներն ու ընթացակարգերը։
Նախագծի համակարգող Ա. Բուդաղյանը մանրամասն ներկայացրեց հետագա աշխատանքների պլանը և համապատասխան ժամանակացույցը, ինչպես նաև կատարված փոփոխությունները։
Այցը նպաստեց հայ և եվրոպացի գործընկերների միջև խորացված համագործակցության զարգացմանը՝ ուղղված ԵՄ բարձրագույն կրթության տարածքի չափորոշիչներին համապատասխանող հուսալի որակի ներքին ապահովման համակարգի նախագծմանը։ Քննարկումների ընթացքում շեշտվեց շարունակական բարելավման, թվային կարողությունների ներառման և թվային վերափոխման կայուն մոդելների մշակման կարևորությունը։