- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում մեկնարկեց «ICPC» ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի քառորդ եզրափակիչը
Նոյեմբեր 14, 2025 | 16:54
Գիտություն
Կրթություն
Մրցույթներ
ԵՊՀ-ում մեկնարկեց «ICPC» ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի քառորդ եզրափակիչը
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ICPC» («International Collegiate Programming Contest») ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի քառորդ եզրափակիչի բացման արարողությունը։ Մրցույթը ուսանողներին հնարավորություն է տալիս ի ցույց դնելու իրենց գիտելիքները, մրցելու լավագույնների հետ և ծանոթանալու տեխնոլոգիական աշխարհի ամենաուշագրավ հնարավորություններին։
«ICPC»-ն համաշխարհային ճանաչում ունեցող ծրագրավորման մրցույթ է, որը միավորում է աշխարհի տարբեր համալսարանների ուսանողներին և նպատակ ունի խթանելու երիտասարդ ծրագրավորողների ստեղծագործական մոտեցումները, ինչպես նաև զարգացնելու թիմային համագործակցությունը։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ողջունելով միջոցառման անցկացումը համալսարանում, ընդգծեց․ «ԵՊՀ-ն կրկին հյուրընկալում է օլիմպիադայի կարևոր փուլերից մեկը։ «ICPC»-ն միավորում է կրթությունն ու գիտությունը՝ ստեղծելով արդար մրցակցության և մասնագիտական զարգացման միջավայր։ Մենք կարևորում ենք գերազանցությունը, գիտական հետաքրքրությունները և բոլոր այն արժեքները, որոնք նպաստում են երիտասարդների աճին։ Հատկանշական է նաև, որ ԵՊՀ-ում անցկացվող մրցույթին մասնակցում են միջազգային թիմեր՝ Հայաստանը դարձնելով տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հանդիպման կարևոր հարթակ»։
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր, ՀՀ վարչապետի խորհրդական Վահրամ Դումանյանը նշեց, որ Հայաստանից ընդհանուր առմամբ այս տարի մրցույթին մասնակցում են բուհական 7 թիմեր ԵՊՀ-ից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, ամերիկյան, ֆրանսիական, եվրոպական, ճարտարապետության և շինարարության ու Հայ-ռուսական համալսարաններից։
Վ․ Դումանյանն ընդգծեց, որ 2026-ին «ICPC»-ն կնշի իր 50-ամյակը, նաև փաստեց, որ հնարավոր է՝ առաջիկա տարիներին մրցույթի եզրափակիչը անցկացվի Երևանում, ինչը կլինի բացառիկ և պատմական իրադարձություն։
«Հատկանշական է, որ «ChatGPT»-ի ստեղծողները ևս «ICPC»-ի նախկին մասնակիցներ են։ Ընդհանրապես, այս մրցույթի մասնակիցները տասնյակ տեխնոլոգիական հաջողությունների հիմնադիրներ են»,- նշեց նա։
«Microsoft» ընկերության Հայաստանի ներկայացուցիչ, օլիմպիադայի նախկին մասնակից Ներսես Խաչատուրյանն ասաց․ «Շատ մեծ տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում՝ «Microsoft»-ը, ստեղծել են այս մրցույթի երբեմնի մասնակիցները։ «ICPC»-ն արդար մրցակցության լավագույն օրինակ է. այստեղ միայն դուք եք, ձեր համակարգիչը և ձեր միտքը։ Այդ պարզ պայմաններում երևում է իրական արհեստավարժությունը»։
«ICPC» ծրագրավորման մրցույթի գլխավոր հովանավոր «JetBrains» ընկերության ներկայացուցիչը նշեց․ ««JetBrains»-ը մշտապես աջակցել է այս մրցույթին։ Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ընկերության առաջարկած տեխնոլոգիական լուծումներին, պրակտիկայի ծրագրերին, ուսուցողական դասընթացներին և այլ հնարավորությունների։ Հատուկ «ICPC» մասնակիցների համար բացվում են պրակտիկայի մի շարք նոր ծրագրեր՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին և ծրագրավորման հմտությունների զարգացմանը»։
Նշենք, որ «ICPC» ծրագրավորման միջազգային ուսանողական օլիմպիադային յուրաքանչյուր տարի մասնակցում են շուրջ 3500 համալսարաններից ավելի քան 50 000 ուսանողներ։ 2001 թվականից մասնակցելով մրցույթին՝ ԵՊՀ թիմերն արդեն մի քանի անգամ անցել են եզրափակիչ փուլ՝ տարեցտարի գրանցելով ավելի լավ արդյունքներ։







