- Գլխավոր
- Նորություններ
- Ազգային հիշողությունը և միասնականության գաղափարը՝ ԵՊՀ ուսանողների պատկերացմամբ
Նոյեմբեր 21, 2025 | 15:57
Միջոցառումներ
Մշակույթ
Ուսանողական
Ազգային հիշողությունը և միասնականության գաղափարը՝ ԵՊՀ ուսանողների պատկերացմամբ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացավ «Հայը» խորագրով ազգագրական ներկայացումը, որի նպատակն էր յուրովի վերարժևորել և կարևորել հայրենասիրությունը, ազգային ինքնագիտակցությունն ու մշակութային ժառանգության ճանաչումը։ Ներկայացման շնորհիվ «կենդանացավ» ազգային մշակույթի բազմերանգ աշխարհը՝ իր ավանդույթներով, կերպարներով և պատմական հիշողությամբ։
ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էրիկ Բաղդասարյանն ընդգծեց, որ ներկայացումը կազմակերպվել է Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
«Այս տարի նշում ենք ակումբի գործունեության 10-ամյակը, և դրա շրջանակում կազմել ենք ազգային բաղադրիչներ պարունակող մեկշաբաթյա ծրագիր։ Մեր գլխավոր միջոցառումը հենց այս ազգագրական ներկայացումն էր, որի միջոցով ներկայացրինք 18-րդ դարի Հայաստանը՝ հայկական ավանդական ընտանիք, գյուղական առօրյա, հարսանիք, պատերազմի պատճառով խաթարված կյանք․․․ Այդ ամենը փորձեցինք փոխանցել ազգային երգի, պարի ու ծիսական ավանդույթների միջոցով»,- ասաց Էրիկը։
Նրա խոսքով՝ ներկայացման առանցքում էր հայի կերպարը՝ իր ուժով, դիմադրողականությամբ ու ընտանեկան արժեքների կարևորությամբ։
«Ունեինք կնոջ կերպար, որը պատերազմում ամուսնու կողքին է, տատիկի կերպար, որը հոգ է տանում ընտանիքի մասին։ Ներկայացման միջոցով ցույց տվեցինք այն, ինչը մեզ՝ որպես ազգի, բնորոշ է և ներկայացրինք, թե ինչ ճանապարհով է անցել մեր ժողովուրդը»,- մատնանշեց նա։
Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախագահ Սերոբ Սերոբյանը նշեց, որ ներկայացման «խորհրդատուն» ու ոգեշնչողը Ազգալդյանի կերպարն էր։
«Լեոնիդ Ազգալդյանը այն հայերից է, որին պետք է նմանվել։ Մենք խորությամբ ուսումնասիրել ենք նրա կենսագրությունը և փորձել ձևավորել հավաքական կերպար, որը մարմնավորում է մեր բոլոր հերոսներին»,- ընդգծեց նա։
Ներկայացման մասնակիցները ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ էին՝ միավորված մեկ գաղափարի շուրջ։
«Բոլորս ուսանողական խորհրդի անդամներ ենք՝ տարբեր ֆակուլտետներից։ Դասերից հետո մինչև ուշ երեկո մնում ու փորձեր էինք անում։ Սա մեզ համար ոչ միայն հայկականի մասին պատմություն է, այլև ընկերության, միասնության ու համախմբվածության»,- շեշտեց Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախագահը։
Էրիկ Բաղդասարյանը հավելեց, որ նպատակ ունեն յուրաքանչյուր կիսամյակ կազմակերպելու առնվազն մեկ այսօրինակ միջոցառում՝ հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների երկարաժամկետ փուլը։ Միաժամանակ գործում է ազգային պարերի ակումբը, որտեղ ուսանողները շաբաթական մեկ անգամ անցկացվող պարապմունքների ժամանակ սովորում են տարբեր տարածաշրջանների պարեր։
Ներկայացման ավարտին ուսանողները միասին պարեցին «Կարնո քոչարի» ռազմապարը՝ խորհրդանշականորեն ընդգծելով մեկ միասնություն, մեկ թիկունք և մեկ ուժ դառնալու գաղափարը։


























