- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն՝ «Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդես-2025»-ում
Նոյեմբեր 27, 2025 | 16:24
Գիտություն
Կարիերա
Միջոցառումներ
ԵՊՀ-ն՝ «Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդես-2025»-ում
Մեկնարկեց առողջապահական ոլորտի տարվա ամենամեծ միջոցառումը Հայաստանում․ «Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդես-2025»-ը մեկ հարթակում միավորում է առողջապահության ոլորտի մասնագետներին, նորարարներին և առաջատար կազմակերպություններին։ Ցուցահանդեսին մասնակցում է նաև Երևանի պետական համալսարանը՝ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համակարգմամբ, ինչպես նաև Կենսաբանության ֆակուլտետի, Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտների ներգրավմամբ։
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Աստղիկ Մնացականյանը նշեց.
«ԵՊՀ-ն նոյեմբերի 27–30-ը մասնակցում է Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդեսին, որը իր մասշտաբներով իսկապես բացառիկ է։ Մեր համալսարանը ներկայացված է մի քանի կրթական ստորաբաժանումներով, իսկ միջոցառման ընթացքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնակցությամբ կանցկացվեն նաև պանելային քննարկումներ և առանձին բանախոսություններ։ Ելույթներով հանդես կգան նաև Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ներկայացուցիչները՝ անդրադառնալով հանրային առողջությանը վերաբերող կարևոր թեմաների»։
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է բարձրացնել հանրային առողջության վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցություններ տարբեր գործընկեր կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ։
Էքսպոյի շրջանակում ընթանում է նաև առողջապահական կոնգրես, որը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան է բերել մասնագետների, ոլորտային առաջատարների և միջազգային փորձը կրողների։
Ցուցահանդեսի թիրախային խմբում է հասարակության լայն շրջանակը, քանի որ հանրային առողջությունը բազմաշերտ ոլորտ է․ այն ներառում է օդի որակի վերահսկումը, կենսաբազմազանության պահպանումը, ինչպես նաև հանրային անվտանգության բազմաթիվ այլ հարցեր։
ԵՊՀ մասնակցությունը համակարգվել է ցուցահանդեսի կազմակերպիչների հետ սերտ համագործակցությամբ։ Կրթական ստորաբաժանումները մեծ պատրաստակամությամբ են միացել նախաձեռնությանը՝ հաշվի առնելով ոլորտային համապատասխանությունն ու միջոցառման կարևորությունը։ Այդ նպատակով կազմակերպվել են նաև առանձին հանդիպումներ՝ հասկանալու ներգրավման ձևաչափերն ու հնարավորությունները։
Հաշվի առնելով էքսպոյի բազմաբաղադրիչ բնույթը՝ միջոցառմանը ակտիվորեն մասնակցում է նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնը։ «YSU Band-ը» հանդես կգա երաժշտական կատարումներով՝ ընդգծելով ցուցահանդեսի մշակութային բաղադրիչը։


















