- Գլխավոր
- Նորություններ
- Մտածել, քննել, գործել․ ԵՊՀ-ում կայացավ «Քննադատական մտածողություն» գրքի շնորհանդես-քննարկումը
Դեկտեմբեր 16, 2025 | 15:43
Գիտություն
Գրադարան
Կրթություն
Մտածել, քննել, գործել․ ԵՊՀ-ում կայացավ «Քննադատական մտածողություն» գրքի շնորհանդես-քննարկումը
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Քննադատական մտածողություն» գրքի շնորհանդես-քննարկումը։ Միջոցառումը միավորեց ԵՊՀ ներկայացուցիչներին և տարբեր մասնագետների՝ ստեղծելով մտքերի փոխանակման և կառուցողական երկխոսության հարթակ։
«Քննադատական մտածողություն» գիրքը քննադատական մտածողությանը նվիրված հայերեն առաջին ընդարձակ հրապարակումն է։ Չորս մասից բաղկացած աշխատության մեջ անդրադարձ է կատարվում համագործակցային և կառուցողական (կոոպերատիվ և կոնստրուկտիվ) հաղորդակցության էությանը և պահանջներին, տրամաբանական սխալներին ու հռետորաբանական գործիքներին, ինչպես նաև գիտակցության և իմացական խոտորումներին ու մտաջիկոններին՝ մտագործունեական էվրիստիկներին, որոնք դյուրացնում կամ բարդացնում են մտածողության ընթացքը։
Գիրքը ստեղծվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից քննադատական մտածողության և բախումների փոխակերպման ոլորտում իրականացված ավելի քան քսան ծրագրերի և գործնական «դպրոցների» ընթացքում կուտակված բազմամյա փորձի հիման վրա։
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանը նշեց, որ այս հանդիպումը քննարկումների շարքի արդեն երրորդ միջոցառումն է, որը կյանքի է կոչվում ԵՀՀ-ի հետ համագործակցությամբ։ Նախորդ հանդիպումները նվիրված էին «Ինչպե՞ս են մարդիկ սովորում» և «Կին, պատերազմ, խաղաղություն» թեմաներին, իսկ այս անգամ քննարկման առանցքում էր «Քննադատական մտածողություն» գիրքը, որը հետաքրքրություն է ներկայացնում թե՛ համալսարանական համայնքի, թե՛ հասարակության լայն շրջանակների համար։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց, որ քննադատական մտածողությունը պետք է դիտարկել որպես մտային գործընթաց, որը տեղի է ունենում ոչ միայն անհատական, այլև կոլեկտիվ մակարդակում։ Նրա խոսքով՝ ռեֆլեքսիվ իրավիճակներում, կառուցողական և համագործակցային հաղորդակցության պայմաններում հնարավոր է ձևակերպել ուսումնասիրվող օբյեկտի առավել օպտիմալ և ամբողջական պատկերացումը։
ԵՀՀ գլխավոր տնօրեն, գրքի առաջին և չորրորդ մասերի հեղինակ Գևորգ Տեր-Գաբրիելյանը շեշտեց, որ քննադատական մտածողությունը անհնար է մեթոդապես զարգացնել, եթե այն չկապվի մտագործունեության հետ, միևնույն ժամանակ այն անքակտելիորեն կապված է գիտական աշխարհայացքին։
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, գրքի երրորդ մասի նախնական տարբերակի թարգմանիչ Նաիրա Մկրտչյանն էլ կարևորեց «քննադատական մտածողություն» հասկացության այլընտրանքային ընկալումը՝ առաջարկելով այն դիտարկել որպես «քննելով մտածել»։ Նրա կարծիքով՝ քննելով մտածելը մղում է ոչ միայն մտքի ձևավորմանը, այլև գործողությանը և գործընթացին, ինչը գրքի առանցքային գաղափարներից մեկն է։
ԵՊՀ գրադարանում ԵՀՀ տարբեր հրատարակությունների քննարկումների շարքը շարունակաբար հնարավորություն է ստեղծում մտքերի ազատ փոխանակման, բանավեճի և այլընտրանքային ուսումնառության համար՝ ուղղված թե՛ ԵՊՀ դասախոսներին, թե՛ ուսանողներին և թեմայով հետաքրքրված անձանց։









