- Գլխավոր
- Նորություններ
- Կայացավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը
Դեկտեմբեր 26, 2025 | 15:09
Կրթություն
Քաղաքականություն
Կայացավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) նիստը։ Օրակարգում ընդգրկված 5 հարցերի շրջանակում գնահատվեց ԵՊՀ ռեկտորի՝ 2024–2025 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը, հաստատվեցին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2026 թվականի կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի համախմբված նախահաշիվը, ինչպես նաև 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող պայմանագրերը։ Նիստի ժամանակ տեղի ունեցավ նաև Հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրությունը։
Այս տարի նիստը սկսվեց ամփոփիչ հոլովակի ցուցադրմամբ, որով ԵՊՀ ռեկտորը և պրոռեկտորները ներկայացրին համալսարանի տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներն ու արձանագրած հիմնական ձեռքբերումները։
Այնուհետև Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի առաջարկով օրակարգը համալրվեց խորհրդի քարտուղարի ընտրության հարցով։ Առաջադրված թեկնածության հիման վրա անցկացվեց բաց քվեարկություն, որի արդյունքում խորհրդի քարտուղար ընտրվեց ՀԽ անդամ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը։
Այնուհետև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացրեց 2024–2025 ուստարվա գործունեության հաշվետվությունը՝ անդրադառնալով կրթական և գիտական ոլորտներում կատարված աշխատանքներին, միջազգայնացման և հաղորդակցության ուղղությամբ ձեռնարկված քայլերին, ինչպես նաև ենթակառուցվածքների և համալսարանական միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերի արդյունքներին, արձանագրված ձեռքբերումներին ու առկա խնդիրներին։
«2024–2025 ուսումնական տարին Երևանի պետական համալսարանի համար կարելի է բնութագրել որպես ռազմավարական մեկնարկի և համակարգային վերափոխման առաջին ամբողջական փուլ։ Սա այն տարին էր, երբ ԵՊՀ-ն արդեն ոչ թե ձևակերպում էր իր զարգացման ուղղությունները, այլ իրագործում էր դրանք՝ արձանագրելով հստակ չափելի արդյունքներ, սակայն գիտակցելով, որ խոսքը երկարաժամկետ փոփոխությունների մասին է։ 2025–2030 թվականների զարգացման ռազմավարության ընդունումը համալսարանի կյանքում նշանավորեց որակապես նոր շրջափուլ, երբ առաջնահերթությունը տրվում է ոչ թե առանձին նախաձեռնություններին, այլ փոխկապակցված քաղաքականություններին, համակարգային գործիքներին և կայուն ինստիտուցիոնալ լուծումներին։ Հաշվետու ուսումնական տարվա ընթացքում մեր հիմնական նպատակը հենց այդ ռազմավարության տրամաբանությունը համալսարանի առօրյա գործառույթների մեջ ներդնելն էր»,- նշեց ԵՊՀ ռեկտորը և հավելեց, որ ներկայացվող հաշվետվությունը կառուցված է այդ ռազմավարության տրամաբանությամբ։
ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ Երևանի պետական համալսարանի զարգացման ռազմավարության առաջնահերթ ուղղություններից մեկը կրթության բովանդակության և դասավանդման մեթոդաբանության արդիականացումն է՝ միտված արձագանքելու գիտելիքահենք տնտեսության և բարձրագույն կրթության գլոբալ միջավայրի փոփոխվող պահանջներին։ Ռեկտորը նաև տեղեկացրեց, որ 2024–2025 ուսումնական տարում ԵՊՀ է դիմել 3437 դիմորդ, որոնցից ընդունվել է 2414-ը, ընդ որում՝ 485-ը՝ անվճար, 1929-ը՝ վճարովի համակարգով։
Հովհաննես Հովհաննիսյանը շեշտեց, որ ընթացիկ ուսումնական տարում ԵՊՀ-ն տարբեր ոլորտներում արձանագրել է կարևոր հաջողություններ և տեսանելի արդյունքներ։
«Միջազգայնացման համատեքստում ԵՊՀ-ն հաշվետու տարում ստորագրել է 17 նոր պայմանագիր օտարերկրյա գործընկերների հետ։ Լիլի համալսարանի (Ֆրանսիա) հետ համագործակցությամբ մեկնարկել է «Միջազգային և գործարար հաղորդակցություն» կրկնակի դիպլոմով մագիստրոսական ծրագիրը։ Զուգահեռաբար կատարվել է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 6 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրում ASIIN գործակալության կողմից»,- մատնանշեց ռեկտորը՝ անդրադառնալով համալսարանի կարևորագույն ձեռքբերումներին։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ներկայացված հաշվետվությունը գնահատեց դրական և ընդգծեց ծրագրի շրջանակում արձանագրված առաջընթացի կարևորությունն ու դրա շարունակական լինելու անհրաժեշտությունը։
Քննարկումների արդյունքում Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց ԵՊՀ 2026 թ. կառուցվածքին ու հաստիքացուցակին առնչվող փոփոխությունները։
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Հովհաննես Հովհաննիսյանը ՀԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ 2026 թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջե)։ Ըստ ներկայացված նախահաշվի՝ 2026 թվականի եկամուտների և ծախսերի համախմբված նախահաշիվը ներառում է Երևանի պետական համալսարանի և Իջևանի մասնաճյուղի ֆինանսական ցուցանիշները և ձևավորվել է համալսարանի կրթական, գիտական և կառավարչական գործունեության ֆինանսական շարունակականության, գործառնական կայունության և ռեսուրսների օպտիմալ բաշխման ապահովման նպատակով:
«2026 թվականի նախահաշիվը կազմվել է 585 մլն ՀՀ դրամ դեֆիցիտով, ինչը ոչ թե կառուցվածքային դեֆիցիտ է, այլ ունի ժամանակային/հաշվառման բնույթ՝ պայմանավորված հաշվետու նախորդ ժամանակաշրջաններում ստացած դրամաշնորհային և նպատակային ֆինանսավորումներով, որոնց ծախսային պարտավորությունների իրականացումը նախատեսվում է 2026 թվականին՝ ստեղծելով մուտքերի և ծախսերի ժամանակային անհամապատասխանություն»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը։
Նա մատնանշեց, որ դեֆիցիտի ամբողջ ծավալը լիովին ապահովված է նախորդ տարիներից կուտակված դրամական միջոցների մնացորդով, հետևաբար 2026 թվականի բյուջեն չի ստեղծում վճարունակության կամ պարտավորությունների սպասարկման ռիսկ համալսարանի համար: Ըստ նրա՝ համալսարանն ունի դրամական բավարար ծածկույթ պարտավորությունները ժամանակին կատարելու համար՝ առանց արտաքին ֆինանսավորման ներգրավման անհրաժեշտության:
ԵՊՀ ռեկտորը ներկայացրեց, որ բյուջեի կազմման գործընթացի հիմքում են հաշվետու նախորդ տարիների կատարողական ցուցանիշների վերլուծությունը, ընթացիկ ֆինանսական և համալսարանի ռազմավարական պարտավորությունների հաշվառումը, առաջնահերթությունների հետ համադրումը: Այդ վերլուծության արդյունքում նույնականացվել են ծախսերի կայուն բաղադրիչները, զարգացման ուղղությունները և օպտիմալացման ներուժ ունեցող հոդվածները: Բյուջետավորման գործընթացը իրականացվել է ստորաբաժանումների մասնակցային մոդելով, որի շրջանակում կառուցվածքային ստորաբաժանումները ձևավորել և ներկայացրել են իրենց ֆինանսական պահանջները` հիմնավորելով գործունեության ծավալներով, ծրագրային անհրաժեշտությամբ և ակնկալվող արդյունքներով: Ներկայացված պահանջները վերլուծվել են ֆինանսական, բովանդակային և ռազմավարական համադրման դիտանկյուններից: Հովհաննես Հովհաննիսյանը նշեց նաև, որ 2026 թվականի համար նախատեսվում է տեղակալման կարգով սահմանված՝ հինգ տարվա երկարաժամկետ պայմանագրեր ունեցող պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում շուրջ 30%-ով։ 2026 թվականին նախահաշվով ևս նախատեսված է տարեվերջյան 13-րդ աշխատավարձ և ամռանը վճարվող 50%-ի չափով պարգևատրում։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը բավարար գնահատեց 2026 թվականի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, ինչպես նաև հաստատեց 100 միլիոն ՀՀ դրամի սահմանաչափը գերազանցող պայմանագրերը։
Նիստի ավարտին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես եկավ առաջարկով՝ կապված արհեստական բանականության (ԱԲ) գրագիտության ներդրման հնարավորության հետ։ Նախարարը նշեց, որ ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարին առաջարկել է դիտարկել ԱԲ գրագիտության ներառումը հանրակրթական և բարձրագույն կրթության համակարգերում՝ որպես պարտադիր առարկա։ Ըստ նրա՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ քննարկումները եղել են արդյունավետ, և որոշվել է սկսել պիլոտային ծրագիր հենց բուհական մակարդակից։
Նախարարը հավելեց, որ որպես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ առաջարկել է դիտարկել 2026–2027 ուսումնական տարում այս հնարավորությունը գործարկելու հեռանկարը։
«Այս ծրագրի նպատակն այն է, որ ուսանողները, անկախ մասնագիտությունից, կարողանան հիմնական հասկացությունները ընկալելու համար իրենց մասնագիտական ոլորտում անվտանգ և արդյունավետ օգտագործել արհեստական բանականության գործիքները՝ տվյալներ, մոդելներ, սահմանափակումներ, ինչպես նաև գնահատական տալ արհեստական բանականության արդյունքներին, նախագծել և կառավարել արհեստական բանականության վրա հիմնված աշխատանքները, ծառայությունները և քաղաքականությունները»,- հավելեց ԲՏԱ նախարարը։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը, կարևորելով Երևանի պետական համալսարանի մասնակցությունն այս գործընթացին, ընդգծեց, որ Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությունը լիովին համահունչ է ժամանակի պահանջներին։
Նիստն ավարտվեց Հոգաբարձուների խորհրդի անդամների արդյունավետ քննարկումներով և համատեղ որոշումների ընդունմամբ, որոնք ուղղված են համալսարանի ռազմավարական ծրագրերի շարունակական իրականացմանը և առաջիկայում առաջնահերթությունների հստակեցմանը։





