- Գլխավոր
- Նորություններ
- Մագիստրոսական կրթություն, ուսումնառություն արտերկրում և գիտակրթական նոր հորիզոններ․ ԵՊՀ ուսանողը՝ միջազգային կրթական փորձառության մասին
Հունվար 05, 2026 | 12:36
Կրթություն
Ուսանողական
Մագիստրոսական կրթություն, ուսումնառություն արտերկրում և գիտակրթական նոր հորիզոններ․ ԵՊՀ ուսանողը՝ միջազգային կրթական փորձառության մասին
«Էրազմուս+» ծրագիրը, Վենետիկը և Կա Ֆոսկարի համալսարանը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրանտ Էլեն Մեղրիկյանի կյանքում բացել են կրթական և մշակութային նոր հորիզոններ։ «Արտերկրում ուսանելը կյանքիս լավագույն որոշումներից էր: Բացի կրթական ձեռքբերումներից՝ արտերկրում ապրելն ու սովորելն ինձ տվեցին շատ ավելին՝ ինքնուրույնություն, վստահություն, նոր ընկերներ ու մշակութային հարուստ փորձառություն»,- ասում է ԵՊՀ ուսանողը:
Էլենի համար արտերկրում ուսումնառությունը դարձավ կարևոր փուլ մասնագիտական և անձնական զարգացման ճանապարհին։ Ուսման ընթացքում նա ձեռք բերեց լեզվաբանական նոր գիտելիքներ, իսկ արդեն ծանոթ ու անծանոթ հեղինակների և նրանց ստեղծագործությունների ուսումնասիրությունը բացահայտեց ավելի խորքային տեսանկյունից։ Պրակտիկան նպաստեց վստահությամբ ինքնուրույն աշխատանք կատարելուն, ինչպես նաև աշխատանքային գրաֆիկի արդյունավետ պլանավորմանը։
«Կա Ֆոսկարի համալսարանում ուսումնասիրել եմ լեզվաբանությանն ու գրականությանն առնչվող առարկաներ՝ «Իտալերեն», «Անգլիական գրականություն», «Թարգմանություն և գործաբանություն»։ Այս վերջին առարկան երբևէ չէի ուսումնասիրել, ինչը սկզբնական շրջանում որոշակի դժվարություն առաջացրեց։ Ընդհանուր առմամբ, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համադրությունը մեծապես նպաստեց իմ մասնագիտական աճին»,- նշում է նա։
- Էլե՛ն, ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք արտերկրում ուսանելիս և ինչպե՞ս հաղթահարեցիք դրանք:
- Սկզբնական շրջանում խոչընդոտ էր լեզվին չտիրապետելը։ Լեզվակիրների միջավայրում հաղորդակցվելը պահանջում էր մեծ ջանքեր։ Այս դժվարությունը հաղթահարեցի լեզվի ակտիվ կիրառմամբ, տեղացիների հետ շփմամբ և ինքնակրթությամբ, ինչի արդյունքում զգալիորեն բարելավեցի իմ լեզվական հմտությունները։ Մյուս խնդիրը կապված էր ամաչկոտության և նոր միջավայրին չհարմարվելու բնավորությանս հետ։ Սակայն այդ դժվարությունը կարճ ժամանակում հաղթահարվեց․ ընդամենը մի քանի օր էր անհրաժեշտ՝ նոր իրականությանը լիարժեք ինտեգրվելու համար։ Շփման շրջանակի ընդլայնումը, նոր ընկերների աջակցությունն ու սեփական ջանքերս նպաստեցին, որ ամաչկոտությունը աստիճանաբար հաղթահարվի՝ վերածվելով վստահության և բաց հաղորդակցության։
- Ի՞նչ եք կարծում, բազմամշակութային միջավայրն ի՞նչ առավելություններ ունի ուսանողների համար։
- Բազմամշակութային միջավայրը նոր մշակույթների ծանոթանալու, նոր ընկերներ ձեռք բերելու և հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է ընձեռում։ Այն օգնում է ծանոթանալու ամբողջովին այլ մտածելակերպի տեր մարդկանց հետ, վերանայելու սեփական տեսակետը որոշ հարցերի շուրջ, բարելավելու հաղորդակցական հմտությունները։ Այն մարդուն դարձնում է ավելի ազատ և բաց՝ ընդունելու տարբեր տեսակետներ։ Ինքս շփվել եմ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ (իտալացի, պորտուգալացի, գերմանացի, եգիպտացի, ֆրանսիացի, կորեացի․․․) և շարունակում եմ կապ պահպանել նրանց հետ։
Մեկ էջ, մեկ պատմություն
Էլենը պատմում է․․․
Իհարկե, անմոռանալի պահերն ու զգացումներն անթիվ են․ ինձ համար շատ կարևոր և հիշարժան էր Սուրբ Ղազար կղզի այցը, որի մասին դեռ շատ վաղուց կարդացել էինք պատմության և գրականության դասագրքերում։ Առաջին անգամ ոտք դնելով կղզու վրա՝ աննկարագրելի զգացումներ ունեցա։ Սակայն կուզեմ անդրադառնալ կղզու ամենատարեց՝ 90-ամյա վարդապետին, որի տված կոնֆետների կամ, ինչպես ինքն էր ասում, «շաքարի» համը դեռ զգում եմ։ Սուրբ Ղազար կղզուց առանց այդ «քաղցրության» անհնար էր վերադառնալ։
- Էլե՛ն, ի՞նչն է քեզ առավել ոգևորում մագիստրատուրայում սովորելու ընթացքում։
- Ես շատ եմ սիրում մասնագիտությունս, ինչն իսկապես կարևոր է, ուստի մագիստրատուրան օգնում է այն առավել խորությամբ, մանրակրկիտ ուսումնասիրելու և հասկանալու, որ իրոք չեմ սխալվել մասնագիտական ընտրության հարցում։ Մեծապես ոգևորում են նաև դասախոսներս, որոնց մասնագիտական փորձը և նվիրվածությունը մշտապես մոտիվացնում են առաջ շարժվելու։
Ներկայում Էլենի ուշադրությունը կենտրոնացած է մագիստրոսական թեզի վրա, որը միավորում է լեզվաբանությունն ու գրականությունը։ Զուգահեռաբար, նա նաև աշխատում է՝ մասնագիտական գործունեության ընթացքում լիարժեք կիրառելով իր գիտելիքները, ինչը նպաստում է աշխատանքային միջավայրում ավելի վստահ և հանգիստ լինելուն։
Էլենի խոսքով՝ կրթությունն առաջին հերթին հնարավորություն է տալիս զարգանալու, ընդլայնելու մտահորիզոնը և զարգացնելու վերլուծական ու քննադատական մտածողությունը, ինչն անհրաժեշտ է մշտապես։
«Կրթության շնորհիվ հնարավորություն ենք ստանում ստեղծելու այն ապագան, որի մասին երազում ենք։ Դե իհարկե, երբեք չպետք է մոռանանք նաև ինքնակրթության մասին։ ԵՊՀ-ն տվել է այն գիտելիքները, որոնք վստահաբար կօգնեն մասնագիտական կյանքում»,- ամփոփում է ԵՊՀ ուսանողը և հավելում, որ արտասահմանում ուսանելու բազմաթիվ ծրագրերից մեկին մասնակցելը մեծ հնարավորություն և հաջողություն էր իր համար։