- Գլխավոր
- Նորություններ
- Հանքարդյունաբերության զարգացման հեռանկաները Հայաստանում. «Hayasa Metals Inc.» ընկերության գործադիր տնօրենը հանդես եկավ բանախոսությամբ
Փետրվար 24, 2026 | 14:34
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Հանքարդյունաբերության զարգացման հեռանկաները Հայաստանում. «Hayasa Metals Inc.» ընկերության գործադիր տնօրենը հանդես եկավ բանախոսությամբ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բանախոսությամբ հանդես եկավ կանադական «Hayasa Metals Inc.» ընկերության գործադիր տնօրեն Ջոել Սադերլենդը՝ նպատակ ունենալով հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ նոր գիտելիքներ փոխանցելու ուսանողներին, դասախոսներին և հանքարդյունաբերությամբ հետաքրքրված մասնագետներին:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կայուն զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը Ջոել Սադերլենդը հանդես եկավ «Երկրաբանահետախուզական աշխատանքները՝ երկրի ներուժի բացահայտման հնարավորություն» և «Հանքարդյունաբերության ոլորտի ներդրումների հնարավորությունները զարգացող երկրների համար» թեմաներով բանախոսություններով՝ ներկայացնելով հանքարդյունաբերության ոլորտում երկրի ներուժի բացահայտման ու ներդրումների հնարավորությունները:
Ջոել Սադերլենդի վերլուծության համաձայն՝ թեպետ Հայաստանը գտնվում է թետիսյան գոտում, և հանքարդյունաբերության ոլորտն ամբողջությամբ բացահայտված չէ, սակայն երկիրը մեծ պոտենցիալ ունի ոլորտում բարգավաճման համար: Նա կարևորեց Հայաստանում երկրաբանական-հետախուզական աշխատանքների ընդլայնումը՝ հանքանյութերի արտահանման ավելացման համար:
Բանախոսն անդրադարձավ Համաշխարհային բանկի՝ հանքանյութերի արտահանման կանախատեսումներին, խոսեց պղնձի վաճառքի համաշխարհային միտումների, տեխնոլոգաների թվի, էներգասպառման աճով պայմանավորված՝ մետաղների պահանջարկի ու գների աճի մասին: Նա ներկայացրեց նաև «Hayasa Metals Inc.» ընկերությունը՝ ընդգծելով, որ այն Հայաստանում գործող երկրաբանահետախուզական ամենամեծ ընկերությունն է և ունի երկու խոշոր նախագիծ՝ Վարդենիսի (պղինձ, մոլիբդեն) և Ուրասարի (ոսկի, պղինձ) նախագծերը:
Նշենք, որ միջազգային փորձագետն ավելի քան 20 տարվա հարուստ փորձ ունի կապիտալի միջազգային շուկայում: Իսկ «Hayasa Metals Inc.» ընկերությունը Հայաստանում համագործակցում է «Մենդիա Ռեսուրսիս» և «Հայասա Ռեսուրսիս Քորփ» ընկերությունների հետ՝ նպաստելով հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանն ու ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը վերոնշյալ երկու ընկերությունների հետ նախորդ տարի կնքել է մտադրությունների հուշագիր և փուլ առ փուլ իրականացնում է գործակցային պայմանավորվածությունները։





