- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում անցկացվեց պատմության ուսուցիչների վերապատրաստում՝ նվիրված «զգայուն» թեմաների դասավանդման առանձնահատկություններին
Փետրվար 27, 2026 | 13:06
Գիտություն
Կրթություն
Շարունակական կրթություն
ԵՊՀ-ում անցկացվեց պատմության ուսուցիչների վերապատրաստում՝ նվիրված «զգայուն» թեմաների դասավանդման առանձնահատկություններին
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի, պատմության ֆակուլտետի և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի համագործակցության շրջանակում համալսարանում կայացավ ՀՀ հանրակրթական դպրոցների պատմության ուսուցիչների քառօրյա վերապատրաստում՝ ուղղված «զգայուն» թեմաների դասավանդմանը, նախագծային ուսուցման կիրառմանը, ինչպես նաև պատմության դասավանդման նոր և այլընտրանքային մեթոդների, ռեսուրսների ու ռազմավարությունների մշակման և գործնական կիրառման կարողությունների զարգացմանը։
Երևանի պետական համալսարանը ս․թ․ փետրվարի 19-22-ը «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի հետ համատեղ անցկացրել է ՀՀ հանրակրթական դպրոցների պատմության ուսուցիչների վերապատրաստում` ուղղված զգայուն թեմաների դասավանդման, նախագծային ուսուցման, պատմության դասավանդման նոր և այլընտրանքային մեթոդների, ռեսուրսների և ռազմավարությունների մշակման ու կիրառման կարողություններին: Վերապատրաստումն իրականացվել է «ԵՄ-ն հանուն խաղաղության-3» («EU4Peace3 NDICI CRISIS FPI/2024/458-808») ծրագրի և «Քյորբեր» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Վերապատրաստման հիմքում «Պատմության մրցույթներ» նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2001 թ․ «EUSTORY» ոչ ֆորմալ ցանցի կողմից։ Այն ստեղծվել է Գերմանիայում «Քյորբեր» հիմնադրամի նախաձեռնությամբ և միավորում է ավելի քան 20 երկրների շուրջ 30 հասարակական կազմակերպություններ և կրթական հաստատություններ։ 2001 թվականից ի վեր անցկացվել է շուրջ 22 մրցույթ, որոնց մասնակցել են ավելի քան 230 000 երիտասարդներ ամբողջ Եվրոպայից։ Յուրաքանչյուր տարի մասնակից երկիրն ինքն է ընտրում մրցույթի թեման։ Հայաստանի այս տարվա թեման է՝ «Հարցրո՛ւ ծնողներիդ. Ղարաբաղյան շարժումը և Հայաստանի Հանրապետության ծնունդը»:
ԵՊՀ-ում կազմակերպված վերապատրաստմանը մասնակցել է 27 ուսուցիչ։ Դասընթացն ավարտելուց հետո նրանք իրենց դպրոցներում պետք է ձևավորեն աշակերտական խմբեր՝ իրականացնելու հետազոտական նախագծեր տվյալ տարվա թեմայով։ Մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված կարճ ցուցակում ընդգրկված աշխատանքները կներկայացվեն Պատմության համահանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում։ Հաղթող նախագծերի հեղինակ աշակերտները հնարավորություն կստանան մասնակցելու համաեվրոպական ծրագրի շրջանակում կազմակերպվող ամառային ամենամյա ճամբարին։
Դասընթացի հիմնական թեմաներն էին՝ բանավոր և տեղական պատմությունը՝ որպես պատմագիտական ուսումնասիրության մեթոդ, Ղարաբաղյան շարժման ուսումնասիրության այլընտրանքային աղբյուրները, «զգայուն» թեմաների դասավանդման արդյունավետ ռազմավարությունները։
Նշենք, որ Հայաստանը մինչ այս ծրագրին մասնակցել և պատմության մրցույթներ է կազմակերպել ևս երկու անգամ՝ 2021-2022 և 2023-2024 թթ․։