- Գլխավոր
- Նորություններ
- «Los Angeles Times»-ը՝ Հայաստանի գիտակրթական և տեխնոլոգիական ներուժի մասին․ հատուկ անդրադարձ ԵՊՀ-ին
Փետրվար 25, 2026 | 16:14
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
«Los Angeles Times»-ը՝ Հայաստանի գիտակրթական և տեխնոլոգիական ներուժի մասին․ հատուկ անդրադարձ ԵՊՀ-ին
«Los Angeles Times»-ը տարածել է «Armenia Special Report» խորագրով հատուկ զեկույցը, որտեղ ներկայացվում է Հայաստանի տնտեսական, տեխնոլոգիական և ներդրումային զարգացման ներկայիս փուլը։ Զեկույցի շրջանակում հրապարակվել է նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցազրույցը, որտեղ ընդգծվում է համալսարանի դերակատարումը երկրի գիտակրթական և նորարարական առաջընթացում։
«Armenia Special Report» խորագրով հատուկ զեկույցում զետեղված հարցազրույցում Հովհաննես Հովհաննիսյանը մատնանշում է, որ ԵՊՀ-ն ոչ միայն կրթական, այլև հետազոտական հզոր հաստատություն է՝ 21 ֆակուլտետով և գիտահետազոտական 9 ինստիտուտով։ Միջազգային գրախոսվող գիտական հրապարակումների թվով էլ համալսարանը առաջատարն է Հայաստանում։
Վերջին տարիներին պետական ներդրումների շնորհիվ զգալիորեն արդիականացվել է համալսարանի գիտական ենթակառուցվածքը։ Այդ համատեքստում կարևորագույն նախաձեռնություններից է արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը ԵՊՀ-ում։
ԵՊՀ ռեկտորը մատնանշել է, որ դեկտեմբերին ԵՊՀ-ում բացվել է Հայաստանում արհեստական բանականության ամենամեծ կենտրոնը՝ ընդգծելով, որ շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ GPU-ներից բաղկացած գերհամակարգիչը տարածաշրջանում ամենահզորներից մեկն է։
Հ․ Հովհաննիսյանի խոսքով՝ համալսարանի զարգացման հիմքում են կարևոր արժեքներ՝ պատասխանատվություն, թափանցիկություն, հաշվետվողականություն, ակադեմիական ազատություն և նորարարություն։ Ուսումնական ծրագրերը պարբերաբար վերանայվում են՝ համապատասխանեցվելով աշխատաշուկայի պահանջներին։
«Գիտությունը չպետք է մեկուսացած լինի․ այն պետք է լինի աշխարհի մի մասը»,- ընդգծել է ռեկտորը՝ շեշտելով, որ ԵՊՀ-ն համագործակցում է ավելի քան 50 երկրների գիտակրթական հաստատությունների հետ։
ԵՊՀ-ում իրականացվող նախաձեռնությունները վկայում են, որ համալսարանը շարունակում է ամրապնդել իր դիրքը որպես Հայաստանի գիտակրթական և տեխնոլոգիական զարգացման առանցքային կենտրոն։