- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց պրոֆեսոր Էդուարդ Եղիազարյանը
Մարտ 03, 2026 | 14:59
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց պրոֆեսոր Էդուարդ Եղիազարյանը
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Եղիազարյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ պարգևատրեց ԵՊՀ ոսկե մեդալով:
ԵՊՀ ռեկտորը, արժևորելով պրոֆեսոր Էդուարդ Եղիազարյանի գիտամանկավարժական բեղուն գործունեությունը, երկար տարիների նվիրյալ աշխատանքն ու գիտության ոլորտում ունեցած մեծ ավանդը, պարգևատրեց նրան ԵՊՀ բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը նշեց, որ Էդուարդ Եղիազարյանը համալսարանում է 1967 թվականից ի վեր․ նախ՝ որպես ուսանող, իսկ 1972-ից՝ որպես աշխատակից, այսինքն՝ պրոֆեսորը համալսարանում է 54 տարի: Մեծ է գիտնական-դասախոսի ինչպես գիտական, այնպես էլ մանկավարժական ավանդը, որն ունեցել է ավելի քան կեսդարյա բեղուն աշխատանքի շնորհիվ:
ԵՊՀ պրոֆեսոր Էդուարդ Եղիազարյանը երախտիքի խոսք ասաց ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին՝ ցուցաբերած վերաբերմունքի և երկարամյա իր գործունեությունը գնահատանքի արժանացնելու համար:
Վաստակաշատ գիտնականը ուսումնական 12 ձեռնարկների հեղինակ է և այսօր էլ շարունակում է իր ներդրումն ունենալ նոր սերունդների կրթության և դաստիարակության, համալսարանական գիտակրթական միջավայրի զարգացման և կայացման կարևոր գործընթացներում:
Ոսկե մեդալի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը, կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Աստղիկ Ղազարյանը, մարդու ու կենդանիների մորֆոլոգիայի ու ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Կարապետյանը:






