- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում անցկացվեց «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը
Մարտ 07, 2026 | 16:44
Գիտություն
Կրթություն
Մրցույթներ
ԵՊՀ-ում անցկացվեց «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը
ԵՊՀ-ում կայացավ «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը։ Ամենամյա այս նախաձեռնությունը միտված է խթանելու դպրոցականների հետաքրքրությունը ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ, բացահայտելու ոլորտում աչքի ընկնող աշակերտներին և նպաստելու կրթական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանը։
Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցում էին մարզային փուլը հաղթահարած 47 դպրոցականներ Երևանից և Հայաստանի մի շարք մարզերից (Լոռի, Սյունիք, Արմավիր, Շիրակ և Տավուշ)։ Մասնակիցները մրցեցին տարիքային երկու խմբերով՝ կրտսեր (7–9-րդ դասարաններ) և ավագ (10–12-րդ դասարաններ)։
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը նշեց, որ կազմակերպիչների հիմնական աշխատանքներից մեկը օլիմպիադայի խնդիրների մշակումն է:
«Մեր հիմնական գործառույթը օլիմպիադայի խնդիրների կազմումն է։ Այս տարվա խնդիրները նախորդ տարվա համեմատ ավելի բարդ էին։ Մասնակիցների ուղարկած ծրագրերը ստուգվում են հատուկ ավտոմատ համակարգի միջոցով, որը գնահատում է արդյունքները՝ առանց մարդկային միջամտության»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր խնդրի համար նախապես պատրաստվում են մի շարք թեստեր՝ մուտքային և ելքային տվյալների տարբեր հավաքածուներով։ Երբ մասնակիցը ներկայացնում է իր պատասխանը, համակարգը այն ավտոմատ կերպով ստուգում է այդ թեստերի միջոցով և գնահատում։
Հատկանշական է, որ նախորդ տարվա մրցանակակիրներից մի քանիսը արդեն ուսումը շարունակում են հենց Երևանի պետական համալսարանում, իսկ մյուսներն ընդունվել են արտերկրի համալսարաններ։
Օլիմպիադան համալսարանում անցկացվում է շուրջ 30 տարի՝ շարունակաբար պահպանելով իր կարևոր դերը ինֆորմատիկայի և ծրագրավորման նկատմամբ դպրոցականների հետաքրքրության զարգացման գործում։
Հիշեցնենք, որ օլիմպիադայի հաջորդ փուլը կանցկացվի նաև վաղը, իսկ վերջնական արդյունքները կհրապարակվեն ուշ՝ երեկոյան, olymp.am կայքէջում։




