- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում հաղթող ճանաչված «WARIE» նախագծի մասնակից
Մարտ 16, 2026 | 14:30
Գիտություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ն՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում հաղթող ճանաչված «WARIE» նախագծի մասնակից
Երևանի պետական համալսարանի և գործընկեր կազմակերպությունների ներկայացրած «WARIE» («Widening AI Research and Innovation for Excellence in the Eastern Partnership») նախագիծը հաղթող է ճանաչվել Եվրոպական հանձնաժողովի «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում։
Նախագիծը նպատակ ունի խթանելու արհեստական բանականության (AI) ոլորտում գիտական հետազոտությունները և նորարարությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի առաջատար համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների կարողությունների զարգացման միջոցով։ «WARIE»-ի շրջանակում նախատեսվում է ստեղծել միջգիտակարգային AI հետազոտական գերազանցության կենտրոններ, որոնք կկենտրոնանան հատկապես առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների վրա։
«WARIE» նախագիծը նաև նպատակ ունի զարգացնելու հետազոտական կառավարման համակարգերը, խթանելու երիտասարդ գիտնականների և հետազոտողների կարողությունների զարգացումը, ներդնելու բաց գիտության սկզբունքներին համապատասխան թվային ենթակառուցվածքներ և խորացնելու համագործակցությունը եվրոպական առաջատար համալսարանների ու հետազոտական կենտրոնների հետ։
48 ամիս տևողությամբ նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 4․2 մլն եվրո։
Նախագիծը միավորում է 13 գործընկեր կազմակերպություն Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և եվրոպական մի շարք երկրներից՝
ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (նախագծի համակարգող),
Երևանի պետական համալսարան,
Վրաստանի տեխնիկական համալսարան,
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան,
Մոլդովայի տեխնիկական համալսարան,
Մոլդովայի պետական համալսարան,
Գերմանական արհեստական բանականության հետազոտական կենտրոն (DFKI),
Սաարլանդի համալսարան (Saarland University),
Եվրոպական գիտության հիմնադրամ (European Science Foundation),
Տուլուզի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ (INP Toulouse),
Տուլուզի համալսարան (Université de Toulouse),
Ժնևի համալսարան (University of Geneva),
Լինշոպինգի համալսարան (Linköping University)։
Երևանի պետական համալսարանի մասնակցությունը նախագծին կարևոր քայլ է համալսարանի միջազգային գիտահետազոտական համագործակցության ընդլայնման և արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների զարգացման ուղղությամբ։