- Գլխավոր
- Նորություններ
- Համագործակցության հուշագիր Երևանի պետական համալսարանի և «Ամունդի-Ակբա» ընկերության միջև. նոր հեռանկարներ և հնարավորություններ
Մարտ 20, 2026 | 10:45
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Համագործակցության հուշագիր Երևանի պետական համալսարանի և «Ամունդի-Ակբա» ընկերության միջև. նոր հեռանկարներ և հնարավորություններ
ԵՊՀ-ի և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ ի նպաստ ՀՀ կրթական համակարգի զարգացման և կրթամշակութային միջոցառումների իրականացման:
Որպես Հայաստանի ֆինանսական ոլորտի աշխատաշուկայի մասնագետների պատրաստման կարևորագույն և լավագույն դերակատար բուհերից մեկը՝ ԵՊՀ-ն հետևողական է գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությունը մշտապես բարձր մակարդակի վրա պահելու հարցում:
Այդ նպատակով ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Ամունդի-Ակբա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը կնքեցին համագործակցության հուշագիր՝ վստահություն հայտնելով, որ ժամանակին կատարված անհրաժեշտ ներդրումները կնպաստեն երիտասարդության թե՛ մտավոր զարգացմանը, թե՛ մասնագիտական աճին՝ ծառայելով ՀՀ կրթական համակարգի հզորացմանն ու արժանապատիվ ապագայի կերտմանը:
Կրթությունը դիտարկելով որպես երկրի կայուն զարգացման երաշխիք՝ կողմերը համագործակցության հուշագրի շրջանակում հանձն առան նպաստել ֆինանսատնտեսական ոլորտի գիտելիքների մակարդակի բարձրացմանը ուսանողության շրջանում: ԵՊՀ ուսանողները հասանելիություն կունենան Ամունդի-Ակբա ակադեմիայի՝ ֆինանսատնտեսական թեմաների վերաբերյալ թվային դասընթացների և նյութերի կրթական հարթակին, որը հագեցած է հիմնականում անգլերեն և ֆրանսերեն հոդվածներով: Ըստ Ամունդի-Ակբայի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Մազեջյանի՝ ավելի մեծ ծավալների նյութերի հայերեն թարգմանելու ուղղությամբ այժմ ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Բացի դրանից՝ փոխգործակցության շրջանակում կկազմակերպվեն իրազեկման միջոցառումներ, բաց դռների օրեր, մասնագիտական դասընթացներ, սեմինարներ, ուսանողության համար նախատեսված այլ միջոցառումներ:
Ամունդի-Ակբան հակամիտված է դիտարկելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտում համագործակցելու նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ՝ խթանելով զարգացումը նաև համայնքային մակարդակում:
Բարձր իրավագիտակցություն ունեցող, ֆինանսատնտեսական համապատասխան գիտելիքներով զինված մասնագետ քաղաքացիները, իրացնելով իրենց հնարավորությունները, կգրանցեն ինչպես անձնական հաջողություններ ու ձեռքբերումներ, այնպես էլ կապահովեն ազգանպաստ ու պետականանպաստ գործունեություն:
ԵՊՀ-ն, մշտապես աջակցելով համալսարանական գիտական հանրույթին, նպաստելով կրթագիտական ծրագրերի իրացմանը, ակադեմիական գերազանցության և նորարարության հասնելու նպատակով շարունակում է ստեղծել անհրաժեշտ ռեսուրսներ և ակադեմիական արդյունավետ միջավայր: Ուստի մեծապես կարևորվում է գործընկեր կազմակերպությունների (և ոչ միայն) մասնակցությունը համալսարանական նախաձեռնություններին: Այս համատեքստում ԵՊՀ-Ամունդի-Ակբա երկկողմ համագործակցության շնորհիվ ուսանողներին ընձեռվում է տեսական գիտելիքները գործնականի վերածելու, կարողություններն ու հմտությունները զարգացնելու հերթական լավագույն հնարավորությունը:
Հուշագրի կնքմանը ներկա էին նաև ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Աստղիկ Մնացականյանը, Ամունդի-Ակբայի գործառնական գծով տնօրեն Հասմիկ Պետրոսյանը, մարքեթինգի և հաղորդակցությունների բաժնի ղեկավար Զարինե Եղիազարյանը, պլատֆորմների մենեջեր Մարիա Հովհաննիսյանը:
Նշենք, որ «Ամունդի-Ակբա» հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկությունը գործարկում է կրթական ֆինանսական համագործակցության սույն հնարավորությունը իր հիմնադրման տասնամյակի կապակցությամբ:







