- Գլխավոր
- Նորություններ
- Նոր հմտություններ՝ առավել արդյունավետ աշխատանքի համար․ դասընթաց ՄՍԾ աշխատակիցների համար
Մարտ 23, 2026 | 12:29
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Շարունակական կրթություն
Նոր հմտություններ՝ առավել արդյունավետ աշխատանքի համար․ դասընթաց ՄՍԾ աշխատակիցների համար
ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոնի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ ս․թ․ մարտի 11-13-ը անցկացվեց ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) աշխատակիցների կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց։
«ՀՀ աշխատաշուկայում 30-40 տարեկան կանանց վերաինտեգրման մեխանիզմները» թեմայով դասընթացի շրջանակում ՄՍԾ տարբեր տարածքային կենտրոնների ավելի քան երկու տասնյակ մասնակիցներ հնարավորություն ունեցան ոլորտի առաջատար հետազոտողների հետ քննարկելու գենդերային կարծրատիպերը և աշխատավայրում դրանց հաղթահարման հնարավորությունները։ Նրանք ձեռք բերեցին արդյունավետ հաղորդակցության և կոնֆլիկտների կառավարման հմտություններ՝ բարձրացնելով իրենց մասնագիտական դիմակայությունը։
ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոնի տնօրեն Տիգրան Գասպարյանը մեծապես արժևորեց ՄՍԾ աշխատակիցների աշխատանքը և ընդգծեց այսօրինակ կրթական նախաձեռնությունների շարունակականության ապահովման կարևորությունը։
Դասընթացն անցկացվել է «Ժողովրդագրական դիմակայունություն․ կանանց կարողությունների և ընտրության հնարավորությունների ընդլայնում տվյալահենք քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) կողմից և ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ միջազգային զարգացման աջակցության շրջանակում։


