- Գլխավոր
- Նորություններ
- Գիտելիք և պրակտիկա․ ԵՊՀ-ն և Կադաստրի կոմիտեն վերակնքեցին համագործակցության հուշագիրը
Մարտ 23, 2026 | 15:02
Գործընկերներ
Կրթություն
Գիտելիք և պրակտիկա․ ԵՊՀ-ն և Կադաստրի կոմիտեն վերակնքեցին համագործակցության հուշագիրը
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն և Երևանի պետական համալսարանը վերակնքեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել Կադաստրի կոմիտեում համալսարանի ուսանողների վերապատրաստումը, մասնագիտական որակավորման բարձրացումը։
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը վերակնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Կադաստրի կոմիտեն կանցկացնի ուսանողների վերապատրաստում մի շարք կարևոր ոլորտներում, այդ թվում՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների գրանցման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների վերաբերյալ տեղեկության տրամադրման, անշարժ գույքի գնահատման, անշարժ գույքի հաշվառման (չափագրման), հողաշինարարության, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտներում։ Ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու ուսումնական, մասնագիտական և նախաավարտական պրակտիկաների ինչպես Կոմիտեի վարչական շենքում, այնպես էլ տարածքային ստորաբաժանումներում։
Հուշագրով նախատեսվում է համատեղ կազմակերպել գործնական պարապմունքներ, սեմինարներ և մասնագիտական քննարկումներ՝ ներգրավելով ինչպես կոմիտեի փորձառու մասնագետներին, այնպես էլ համալսարանի դասախոսական կազմին։ Բացի դրանից՝ կոմիտեի ներկայացուցիչները կմասնակցեն ուսանողների ավարտական աշխատանքների գործընթացին՝ ապահովելով դրանց գործնական ուղղվածությունն ու համապատասխանությունը ոլորտի պահանջներին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով համագործակցությանը, ընդգծեց, որ համալսարանի և Կադաստրի կոմիտեի միջև առկա են սերտ և փոխլրացնող գործընկերային հարաբերություններ։ Նրա խոսքով՝ համալսարանի կրթական ծրագրերը անմիջականորեն առնչվում են Կադաստրի կոմիտեի գործունեությանը, և ուսանողների զգալի մասն արդեն այսօր իր պրակտիկան անցնում է հենց այդ կառույցում՝ ստանալով արժեքավոր գործնական փորձ։
Ռեկտորը կարևորեց նաև պետական աջակցության ընդլայնումը՝ նշելով, որ վերջերս ՀՀ Կառավարության որոշմամբ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրի՝ պետական պատվերով (անվճար) տեղերը մեկով ավելացել են՝ 4-ից դառնալով 5, ինչը, նրա գնահատմամբ, կարևոր ներդրում է։
«Երևանի պետական համալսարանի և Կադաստրի կոմիտեի համագործակցությունը չափազանց կարևոր է։ Ընդհանրապես, այն պետական կառույցների հետ, որոնց համար մենք պատրաստում ենք մասնագետներ, սերտ փոխգործակցությունը ժամանակի հրամայական է։ Սա փոխլրացնող գործընթաց է»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։
Սուրեն Թովմասյանը, խոսելով կրթության դերի մասին, ընդգծեց, որ այսօր կրթության որակն ու բովանդակությունը վճռորոշ նշանակություն ունեն երկրի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ գիտելիքի պակասը լուրջ խոչընդոտ է դառնում թե՛ տնտեսության զարգացման, թե՛ ժամանակակից ու մրցունակ համակարգերի ձևավորման ճանապարհին, ինչի հետևանքով հաճախ անհրաժեշտություն է առաջանում դիմելու արտասահմանյան գործընկերների և ընկերությունների օգնությանը՝ ծախսելով ավելի մեծ միջոցներ։
«Կրթական միջավայրի ամբողջական զարգացումը չի սահմանափակվում միայն ենթակառուցվածքներով։ Արդյունավետ կրթության համար անհրաժեշտ է ձևավորել բովանդակային հարուստ միջավայր, որը ներառում է գիտելիքի փոխանցում, փորձարարական գործընթացներ, հարաբերությունների մշակույթ և ուսանողական ակտիվ կյանք։ Եթե ուշադրությունը կենտրոնացվի միայն արտաքին պայմանների վրա՝ անտեսելով կրթության բովանդակությունը, ապագայում չենք ունենա այնպիսի մասնագետներ, որոնց անհրաժեշտությունն ունի Հայաստանի Հանրապետությունը և նրա տնտեսությունը»,- ընդգծեց նա՝ հորդորելով ուսանողներին լիարժեք գիտակցել բնական գիտությունների նշանակությունը երկրի և տնտեսության զարգացման գործում և յուրաքանչյուր վայրկյան, որը նրանք անցկացնում են կրթական միջավայրում, օգտագործել գիտելիքների խորացման, լրացուցիչ և միջազգային գրականություն ընթերցելու, լեզվական հմտությունների զարգացման և միջանձնային հարաբերությունների ամրապնդման համար։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն էլ իր խոսքում նշեց, որ Կադաստրի կոմիտեի հետ համագործակցությունը շատ լավ հնարավորություն է ուսանողների տեսական գիտելիքները գործնական հմտություններով ամրապնդելու և ոլորտի պահանջներին համահունչ մասնագետներ ձևավորելու տեսանկյունից։
Այնուհետև Սուրեն Թովմասյանն ուսանողներին ներկայացրեց «Գեոդեզիա․ ճշմարտությունը՝ որպես զարգացման անկյունաքար» թեման՝ նշելով ոլորտի հիմունքներն ու զարգացման հեռանկարները, կարևորելով գիտելիքի կիրառումը և գործնական փորձի նշանակությունը մասնագիտական աճի համար: Նա մատնանշեց, որ ճշգրիտ գեոդեզիական տվյալը կառավարման համակարգի ռազմավարական կառուցվածքի հիմքն է։
Ուսանողները հնարավորություն ստացան բանախոսին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու անմիջական պատասխաններ ոլորտի մասնագետից։
Նշենք, որ նրանք նաև շրջայց կատարեցին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում՝ այցելելով «GeoLab. ապագայի միջավայր» կրթական կենտրոն, ինչպես նաև Գագիկ Կարապետյանի անվան ինտերակտիվ լսարան, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու տեսական, լաբորատոր և գործնական դասընթացների՝ ժամանակակից կրթական միջավայրում։











