- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ հրաձգության թիմը՝ ՀՀ ուսանողական մարզական խաղերի հաղթող
Մարտ 27, 2026 | 14:38
Մրցույթներ
Ուսանողական
Սպորտ
ԵՊՀ հրաձգության թիմը՝ ՀՀ ուսանողական մարզական խաղերի հաղթող
Երևանի պետական համալսարանի հրաձգարանում անցկացվեց ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերի՝ հրաձգության հավաքական թիմերի առաջնությունը, որին մասնակցեցին հանրապետության 7 բարձրագույն ուսումնական հաստատությունների թիմեր։ ԵՊՀ հրաձգության հավաքական թիմը մրցույթում զբաղեցրեց մրցանակային առաջին տեղը։
Մրցումներին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Վանաձորի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի ազգային ագրարային, Եվրոպական և Հայաստանում ֆրանսիական համալսարանների հավաքականները։
Մրցումներն անցկացվեցին միջազգային չափանիշներին համապատասխան՝ 10 մետր հեռավորությունից, կանգնած դիրքից կրակաձգության ձևաչափով։ Թիմային մրցույթում յուրաքանչյուր բուհ ներկայացնում էր 6 մարզիկ՝ 3 աղջիկ և 3 տղա։
ԵՊՀ հրաձգության հավաքական թիմը թե՛ տղաների, թե՛ աղջիկների մրցապայքարում գրավեց մրցանակային առաջին տեղը՝ ապահովելով համալսարանի հերթական մարզական հաջողությունը ուսանողական խաղերում։
Մրցումների շրջանակում անցկացվեց նաև անհատական առաջնություն։ Աղջիկների մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրեց ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող Անի Գաբրիելյանը։ Տղաների անհատական մրցույթում նույն ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Բադալյանը զբաղեցրեց մրցանակային երրորդ տեղը։
ԵՊՀ հրաձգության հավաքականի մարզիչ, ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Ավագիմյանցի խոսքով՝ թիմը ձևավորվում է տարբեր ֆակուլտետների ուսանողներից՝ սկսած բակալավրիատի առաջին կուրսից մինչև ասպիրանտուրա։ Նրա գնահատմամբ՝ մարզումները ոչ միայն նպաստում են մասնագիտական հմտությունների զարգացմանը, այլև ձևավորում են համախմբված թիմ, որը պատասխանատու պահերին կարողանում է ապահովել բարձր արդյունքներ և պատվով ներկայացնել համալսարանը։
Մրցաշարը անցկացվեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կողմից հրավիրված մրցավար Վոլոդյա Բադալյանի գլխավորությամբ։ Մրցումներին ներկա էին նաև Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և հրաձգության մարզադպրոցի ներկայացուցիչներ, որոնք աջակցում էին մրցումների կազմակերպական ընթացքին։
Թիմային հաշվարկը կատարվել է փորձնական և հաշվարկային թիրախների արդյունքների ընդհանուր միավորների հիման վրա։
Մրցումների արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, իսկ երրորդ տեղը՝ Վանաձորի պետական համալսարանը։


