- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ուսանողները՝ միջազգային առաջնորդների հետ շփման և նորարարական գաղափարների խաչմերուկում
Ապրիլ 10, 2026 | 11:30
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ուսանողները՝ միջազգային առաջնորդների հետ շփման և նորարարական գաղափարների խաչմերուկում
Նոր գիտելիքներ, միջազգային փորձ և արժեքավոր կապեր․ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ու տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողներ Լիա Օհանյանն ու Բենիկ Բալայանը «NXT Fellowship 2026» ծրագրի շրջանակում այցելել են Հնդկաստան՝ նոր կապեր հաստատելու և կարևոր քննարկումների ներգրավվելու նպատակով։ Նրանք պատմել են ծրագրի ընթացքի, իրենց տպավորությունների և ձեռքբերումների մասին։
Լիան Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն ընտրել է ընկերների խորհրդով՝ միաժամանակ արժևորելով մասնագիտության արդիականությունն ու պահանջարկը։ Ուսման ընթացքում նա կարևորում է ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլև ձևավորված միջավայրը, նոր ծանոթություններն ու ընկերներին։ Իսկ Բենիկն ընտրել է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը՝ հետաքրքրված լինելով տնտեսության, քաղաքականության և նորարարությունների փոխկապակցվածությամբ ու դրանցում իր հնարավոր դերակատարմամբ։
Նրանք երկուսն էլ կարևորում են տեսական գիտելիքների կիրառումը գործնականում և ուսանողական ակտիվ կյանքը՝ իրենց ապագան պատկերացնելով մասնագիտական կայուն հիմքերով ու զարգացման հստակ նպատակներով։
ԵՊՀ ուսանողները «NXT Fellowship 2026» ծրագրին մասնակցելու համար առանձին դիմումներ են ներկայացրել, անցել մրցակցային ընտրության փուլը և ընտրվել՝ հնարավորություն ստանալով մեկնելու արտերկիր։ Այնտեղ անցկացրած մեկ շաբաթվա ընթացքում նրանք ակտիվ մասնակցել են սեմինարների, պանելային քննարկումների, դասախոսությունների, ձեռք բերել միջազգային փորձ և հաստատել նոր կապեր, որոնք կօգնեն ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական զարգացմանը։
«Ծրագրին մասնակցությունս պայմանավորված էր նրանով, որ ինձ միշտ հետաքրքրել են նոր երկրներ ու մշակույթներ բացահայտելը և տարբեր մարդկանց հետ շփվելը։ Սա միջազգային ծրագրի մասնակցելու իմ առաջին փորձն էր, ինչը դարձավ հետաքրքիր ու լավ սկիզբ ապագայում նմանօրինակ նախաձեռնություններում առավել ակտիվ լինելու համար։ Այդ յոթ օրերի ընթացքում ձեռք բերեցի ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական հմտություններ։ Ամենակարևորներից մեկը տարբեր մշակույթների մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողությունն էր»,- ասում է Լիան, որի համար առավել ազդեցիկ էին համաշխարհային զարգացումներին և տնտեսությանը, հատկապես համաշխարհային անհավասարություններին, կայուն զարգացմանը և նոր տեխնոլոգիաների ազդեցությանը վերաբերող քննարկումները։
«Ինձ համար ամենաազդեցիկ գաղափարներից մեկն այն էր, թե ինչպես է հնարավոր համեմատաբար երիտասարդ պետությունների՝ հսկայական տնտեսական հաջողությունների հասնելը։ Դա ցույց տվեց, որ ճիշտ ռազմավարության, արդյունավետ կառավարման և մարդկային կապիտալի զարգացման շնորհիվ հնարավոր է հասնել անգամ աշխարհի առաջատար դիրքերի։ Այս միտքը ինձ ստիպեց ավելի խորությամբ գնահատել զարգացման ճանապարհները և հասկանալ, որ երկրի կամ անհատի հաջողությունը մեծապես կախված է նպատակասլացությունից, նորարարությունից և ճիշտ որոշումներից»,- հավելում է նա։
Բենիկի համար ծրագրին մասնակցելու առանցքային պատճառն այն էր, որ նա ուզում էր տեսնել, թե ինչպես են տարբեր երկրների երիտասարդ առաջնորդները լուծում համաշխարհային խնդիրները։ Նա ակնկալում էր ծրագրից ստանալ նոր գաղափարներ և հաստատել միջազգային ամուր կապեր։
«Այս ծրագիրը առանձնանում էր նրանով, որ կենտրոնացած էր ակտիվ մասնակցության վրա։ Այստեղ ուսանողը ոչ միայն պարզապես լսող էր, այլև ուղղակիորեն գործընթացի մասնակից՝ ներգրավված քննարկումներում, սիմուլյացիաներում և թիմային նախագծերում։ Ես ձեռք բերեցի ոչ միայն համաշխարհային տնտեսական և քաղաքական զարգացումների խորքային գիտելիքներ, այլև զարգացրի թիմային աշխատանքի ու հաղորդակցման հմտություններս։ Ամենաազդեցիկ թեմաները վերաբերում էին տնտեսական կայուն զարգացմանը, համաշխարհային քաղաքականությանը և տեխնոլոգիական նորարարություններին։ Ամենից շատ ինձ տպավորեց այն միտքը, որ համաշխարհային խնդիրները հնարավոր է լուծել միայն համագործակցությամբ»,- ասում է նա։
Համաշխարհային խնդիրների լուծման արդիական հարցերով հետաքրքրված ուսանողները ծրագրի շրջանակում հնարավորություն ունեցան հանդիպելու տարբեր երկրների առաջնորդների, այդ թվում՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Շվեդիայի և Ավստրալիայի նախկին վարչապետների, ինչպես նաև տարբեր երկրների նախարարների, դեսպանների և պատգամավորների հետ։ Նրանց խոսքով՝ այդ հանդիպումները ոգեշնչող փորձ դարձան իրենց համար։ Լիան ասում է, որ տեսավ, թե ինչպես են կարևոր որոշումներ կայացվում իրական բարդ իրավիճակներում, իսկ Բենիկը նշում է՝ հնարավորություն ունեցավ անձամբ շփվելու առաջնորդների հետ և հետաքրքրվելու տնտեսական և նորարարական նախաձեռնությունների ոլորտում երիտասարդների դերակատարմամբ։
Ծրագրին մասնակցում էին 35 բուհերի 70 ուսանողներ մի շարք երկրներից։ Այն առանձնանում էր բազմամշակութային և ակտիվ համագործակցությամբ։ Լիան և Բենիկը մատնանշում են, որ շփումն ու թիմային աշխատանքը տարբեր երկրների ուսանողների հետ հնարավորություն տվեցին ստեղծելու նոր գաղափարներ ու լուծումներ, որոնք նախկինում չէին պատկերացրել, և ստանալու մեծ մոտիվացիա ապագայի պլանների համար։ Թիմային քննարկումներն ու համատեղ նախագծերը ոչ միայն հստակեցրին ուսանողների նպատակները, այլև դարձան արդյունավետ և արժեքավոր փորձ անձնական և մասնագիտական զարգացման համար։
«Այս փորձառությունն ավելի ամրապնդեց իմ նպատակները՝ շարունակաբար զարգացնելու տնտեսագիտական և առաջնորդության հմտությունները, ավելի ակտիվորեն ներգրավվելու համաշխարհային նախաձեռնություններում և հայկական համայնքին ներկայացնելու ամենաարդիական փորձն ու գաղափարները»,- ասում է Բենիկը։
Իսկ Լիան, որը մի քանի տարի անց իրեն տեսնում է մասնագիտական ոլորտում ամուր հիմքերով, ընդգծում է․ «Ամենաշատը զարգացրի հաղորդակցական հմտություններս։ Այդ հանդիպումները ոչ միայն ընդլայնեցին իմ պատկերացումները, այլև հնարավորություն տվեցին ավելի լավ հասկանալու իրական առաջնորդության և որոշումների կայացման գործընթացը»։
Ծրագրի ընթացքում տարբեր բուհերի ուսանողները պետք է ներկայացնեին հետազոտական աշխատանք Հնդկաստանի տարբեր ոլորտների ռազմավարական զարգացման վերաբերյալ՝ մինչև 2050 թվականը։ Լավագույն աշխատանքը կճանաչվի հաղթող՝ արժանանալով դրամական պարգևի։
Նշենք, որ հետազոտական մրցույթի արդյունքները դեռևս հայտնի չեն։