- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ աջակցությամբ կազմակերպվել է Քուվեյթում գտնվող ուսանողների վերադարձը Հայաստան
Ապրիլ 01, 2026 | 16:00
Կրթություն
Հասարակություն
Ուսանողական
ԵՊՀ աջակցությամբ կազմակերպվել է Քուվեյթում գտնվող ուսանողների վերադարձը Հայաստան
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալել է Քուվեյթից Հայաստան վերադարձած ԵՊՀ ուսանողներին, որոնք միջբուհական կրթական ծրագրի շրջանակում շարունակում էին իրենց կրթությունը Քուվեյթի համալսարանի լեզվի կենտրոնում։
Վերջին շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Քուվեյթի օդային տարածքի փակ լինելու պատճառով հայրենիք վերադառնալու համար ՀՀ դեսպանություն էր դիմել շուրջ 33 ՀՀ քաղաքացի, որոնցից 8-ը՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագրի ուսանողներ։ Ստեղծված պայմաններում համալսարանը ձեռնամուխ է եղել աջակցելու ուսանողների՝ Հայաստան վերադառնալու գործընթացի կազմակերպմանը՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Քուվեյթում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստանի 9 քաղաքացու վերադարձին Քուվեյթ–Ռիյադ–Թբիլիսի–Երևան երթուղով։ Ցամաքային ուղևորափոխադրումը կազմակերպվել է անվճար։ Վերադարձածների թվում էր նաև ԵՊՀ ուսանողների խումբը։
Չնայած արտակարգ իրավիճակին՝ ուսանողները շարունակում են իրենց ուսումնառությունը առցանց ձևաչափով և ծրագրի ավարտին կստանան համապատասխան հավաստագրեր Քուվեյթի համալսարանից։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի խոսքով՝ ուսանողները ներկայում գտնվում են տարկետման փուլում, և թեև ուսումնական գործընթացի լիարժեք վերականգնումը ԵՊՀ-ում դեռևս հնարավոր չէ, սակայն ֆակուլտետը նրանց հնարավորություն է ընձեռել ցանկության դեպքում մասնակցելու դասերին։
Ուսանողները ևս ընդգծեցին, որ ստեղծված իրավիճակում իրենց համար կարևոր էին համալսարանի մշտական աջակցությունն ու հոգատարությունը, և իրենք վստահ էին, որ կկարողանան անվտանգ վերադառնալ և շարունակել իրենց կրթությունը։
Նշենք, որ ներկայում միջբուհական նույն կրթական ծրագրով ԵՊՀ մի խումբ ուսանողներ ուսումնառում են Կատարում, Հորդանանում և Կահիրեում, որտեղ կրթական գործընթացը շարունակվում է՝ ըստ սահմանված ծրագրի։





