- Գլխավոր
- Նորություններ
- Համալսարանականները ներկայացրել են իրենց փորձը Ավստրիայի առաջատար համալսարաններից մեկում
Հունիս 26, 2026 | 10:55
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Համալսարանականները ներկայացրել են իրենց փորձը Ավստրիայի առաջատար համալսարաններից մեկում
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ներկայացուցիչները աշխատանքային այցով Վիեննայի բնական պաշարների և կենսական գիտությունների համալսարանում էին (BOKU)՝ ներկայացնելու համալսարանում իրականացվող կրթական ու հետազոտական նախաձեռնությունները և քննարկելու համագործակցության ընդլայնման հետագա հնարավորությունները։
Այցի ընթացքում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը գործընկեր համալսարանի ուսանողների, ասպիրանտների և պրոֆեսորադասախոսական կազմի համար հանդես է եկել դասախոսությունների շարքով՝ նվիրված էկոհամակարգային ծառայությունների տնտեսական գնահատման, կառավարման և քաղաքականության մեջ դրանց կիրառման արդի մոտեցումներին։ Դասախոսություններն ընդգրկում էին էկոհամակարգային ծառայությունների գնահատման տեսական հիմքերը, տնտեսական գնահատման մեթոդները, շրջակա միջավայրի կառավարման և կայուն զարգացման քաղաքականության գործիքները, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և ESG հաշվետվողականության շրջանակում էկոհամակարգային ծառայությունների ինտեգրման մեխանիզմները։
Դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն ծանոթանալու թեմայի տեսական հիմքերին, այլև ներգրավվելու գործնական վարժությունների և դեպքերի ուսումնասիրությունների (case studies) վերլուծության մեջ՝ զարգացնելով կիրառական հմտություններ էկոհամակարգային ծառայությունների գնահատման, քաղաքականությունների մշակման և կազմակերպությունների կայուն զարգացման ռազմավարությունների ձևավորման ուղղությամբ։
Կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Նոննա Խաչատրյանը «Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ներածություն» դասընթացի շրջանակում ներկայացրել է էկոհամակարգային ծառայությունների հիմնարար հասկացությունները, դրանց դասակարգումն ու նշանակությունը մարդու բարեկեցության և կայուն զարգացման համար։ Դասընթացի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել էկոհամակարգային ծառայությունների և տնտեսության փոխկապակցվածությանը, ինչպես նաև դրանց արդյունավետ կառավարման և որոշումների կայացման գործընթացներին՝ Հայաստանի գործնական օրինակների հիման վրա։
Այցի շրջանակում ԵՊՀ ներկայացուցիչները հանդիպել են Վիեննայի բնական պաշարների և կենսական գիտությունների համալսարանի լանդշաֆտային զարգացման, ռեկրեացիայի և բնության պահպանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Առնե Առնբերգերի հետ։
Նշենք, որ 2023 թվականից Երևանի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Վիեննայի բնական պաշարների և կենսական գիտությունների համալսարանը Ավստրիայի զարգացման գործակալության «APPEAR» ծրագրի ֆինանսական աջակցությամբ իրականացնում են «EcoServ» նախագիծը։ Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է 2023 թվականի ապրիլին ԵՊՀ-ում, որտեղ ներկայացվել են ծրագրի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները և Հայաստանում էկոհամակարգային ծառայությունների գնահատման ու կառավարման ոլորտում կրթական և հետազոտական կարողությունների զարգացման ուղղությունները։
Այցը նաև հնարավորություն էր ամփոփելու «EcoServ» ծրագրի ընթացիկ արդյունքները և նախանշելու առաջիկա քայլերը։ Ծրագիրն ուղղված է էկոհամակարգային ծառայությունների գնահատման և կառավարման ոլորտում գիտահետազոտական ու կրթական կարողությունների զարգացմանը՝ միավորելով Հայաստանի և Ավստրիայի գիտակրթական հաստատությունների ու հետազոտական կենտրոնների փորձը։ Ծրագրի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են ընթացիկ տարվա միջոցառումները, համագործակցության հետագա ուղղությունները և ծրագրի ազդեցության ընդլայնման հնարավորությունները։
Քննարկումներին մասնակցել են ծրագրի համակարգող, Վիեննայի բնական պաշարների և կենսական գիտությունների համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Վերենա Ռադինգեր-Փիիրը, հետդոկտորական հետազոտող Տիգրան Քեռյանը, ծրագրի փորձագետ, դոկտոր Ռաֆայելա Շինեգգերը, ԵՊՀ համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանը, հետազոտող և կրթության փորձագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Նոննա Խաչատրյանը, ինչպես նաև Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչներ՝ ծրագրի համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու, առաջատար գիտաշխատող Վարդան Ասատրյանը և համաղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու, առաջատար գիտաշխատող Մարինե Դալլաքյանը։
Այցի շրջանակում ԵՊՀ ներկայացուցիչները մասնակցել են նաև «APPEAR in Practice 22. Հայաստանի և Ավստրիայի միջև բարձրագույն կրթության համագործակցության ամրապնդում» խորագրով միջոցառմանը, որը համախմբել էր հայկական և ավստրիական բուհերի ներկայացուցիչներին՝ ներկայացնելու հաջողված համագործակցային ծրագրերն ու դրանց արդյունքները։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են «EcoServ», «SOAA» և «ArmBioClimate» ծրագրերը, որոնք ուղղված են կայուն ջրային ռեսուրսների կառավարմանը, օրգանական գյուղատնտեսության զարգացմանը և կլիմայական փոփոխությունների պայմաններում կենսաբանական վերահսկողության կարողությունների ամրապնդմանը։ Քննարկումների առանցքում էին բարձրագույն կրթության և հետազոտական կարողությունների զարգացումը, շահակիցների ներգրավվածությունը, ինչպես նաև Հայաստանի և Ավստրիայի բուհերի միջև երկարաժամկետ գիտակրթական համագործակցության խորացումը։ Միջոցառման շրջանակում «EcoServ» ծրագրի թիմը ներկայացրեց կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու լավագույն փորձը՝ ընդգծելով էկոհամակարգային ծառայությունների գնահատման կարևորությունը կայուն զարգացման և ապացուցահենք քաղաքականության մշակման գործում։
Այցն ամրապնդեց երկու համալսարանների համագործակցությունը և նախանշեց համատեղ կրթական ու հետազոտական նախաձեռնությունների զարգացման նոր հնարավորություններ։


