- Գլխավոր
- Նորություններ
- Արևելագիտությունը՝ երկխոսության միջոց․ Սանկտ Պետերբուրգում անցկացվել է «Օրբելի – 2026» միջազգային արևելագիտական ամառային դպրոցը
Հուլիս 13, 2026 | 11:23
Գիտություն
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Արևելագիտությունը՝ երկխոսության միջոց․ Սանկտ Պետերբուրգում անցկացվել է «Օրբելի – 2026» միջազգային արևելագիտական ամառային դպրոցը
Ամառային դպրոցի շրջանակում համախմբվել էին Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանների ուսանողներ ու ասպիրանտներ։ Մեկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները լսել են հայ և ռուս առաջատար արևելագետների դասախոսություններ, մասնակցել ճանաչողական այցերի:
Հայ մեծանուն արևելագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու անունը կրող միջազգային արևելագիտական ծրագիրը կազմակերպվում է ՀՀ և ՌԴ արևելագիտական առաջատար կենտրոնների՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի և Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի համագործակցության շրջանակում։ Ամառային դպրոցի նպատակն է հանրահռչակել Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը, ինչպես նաև ամրապնդել միջազգային ակադեմիական համագործակցությունը։
Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան համակազմակերպիչ կառույցների ղեկավարները` Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի դեկան, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Էրմիտաժի (Սանկտ Պետերբուրգ) տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը և ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովը։
Պրոֆեսոր Ռ. Մելքոնյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց. «Ամառային դպրոցը շարունակում է ջերմ և բարեկամական ակադեմիական այն ավանդույթները, որոնք ձևավորել և փոխանցել են արևելագետների նախորդ սերունդները։ Միևնույն ժամանակ այն հարգանքի տուրք է մեծ գիտնական Հովսեփ Օրբելու հիշատակին, որի շնորհիվ մինչ օրս շարունակում են կառուցվել կամուրջներ ժողովուրդների և սերունդների միջև»։
Ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին, մատնանշելով դպրոցի անվանակոչությունը, ընդգծեց, որ այն լիովին արտահայտում է նախաձեռնության էությունը․ «Հովսեփ Օրբելին հաճախ նշում էր՝ արևելագիտությունը մի գիտություն է, որը սովորեցնում է ուսումնասիրել մշակույթներ երկու՝ սեփական և մյուս ժողովրդի դիտանկյունից»։
Ընթացիկ տարվա հուլիսի 1–8-ը տեղի ունեցած «Օրբելի–2026» միջազգային արևելագիտական դպրոցին մասնակցել է կազմակերպիչ կառույցների 40 արևելագետ ուսանող և ասպիրանտ։ Մեկ շաբաթ շարունակ մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու արևելագիտության արդի ուղղություններին՝ ուսումնասիրելով ձեռագրական ժառանգության և համեմատական ուսումնասիրության հարցերից մինչև ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացներ ու արևելագիտության մեթոդաբանական խնդիրներ։
Դասախոսություններով հանդես եկան Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականներ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանն իրենց դասախոսություններում շոշափեցին Օսմանյան կայսրության պատմությանը, ժամանակակից Թուրքիային և Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք թեմաներ։
Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Մուրավյովը խոսեց Կենտրոնական Ասիայի սիրիական և հայկական ձեռագրերի, ինչպես նաև միջնադարյան Կովկասի և Մերձավոր Արևելքի այբուբենների մասին, իսկ ՌԴ ԳԱ Պետրոս Մեծի անվան մարդաբանության և ազգագրության թանգարանի (Կունստկամերա) գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Եֆիմ Ռեզվանը ներկայացրեց Կունստկամերայի արևելագիտական հավաքածուների ձևավորման պատմությունը։ Ժամանակակից արևելագիտության մեթոդաբանական հիմնահարցերին նվիրված դասախոսություններով հանդես եկան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Բոչարովը և Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովը։
Դպրոցի կրթական ծրագրին զուգահեռ՝ մասնակիցների համար կազմակերպվեցին նաև ճանաչողական այցեր դեպի արևելագիտական կարևոր նշանակություն ունեցող գիտակրթական և մշակութային կենտրոններ՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, Էրմիտաժ, Կունստկամերա, ՌԴ ԳԱ արևելյան ձեռագրերի ինստիտուտ և Հայրենական արևելագիտության պատմության թանգարան։
Ամառային դպրոցի աշխատանքներն ամփոփվեցին Էրմիտաժում կայացած ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությամբ։
Հավելենք նաև՝ «Օրբելի» միջազգային արևելագիտական դպրոցը հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել Մոսկվայում։



