- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն կհամակարգի «Էրազմուս+» ծրագրի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» նախագիծը
Հուլիս 27, 2026 | 10:13
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ն կհամակարգի «Էրազմուս+» ծրագրի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» նախագիծը
Երևանի պետական համալսարանը Եվրոպական միության «Էրազմուս+»-ի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» («Capacity Building in Higher Education», CBHE) ծրագրի շրջանակում կրկին արժանացել է միջազգային վստահության՝ ստանձնելով MONTESQ նոր նախագծի համակարգումը։ Նախաձեռնությունը, միավորելով Հայաստանի, Մոնղոլիայի և եվրոպական երկրների գործընկերներին, կնպաստի Հայաստանում և Մոնղոլիայում կառավարման, բարեվարքության և հակակոռուպցիոն կրթության արդիականացմանը բարձրագույն կրթության ոլորտում՝ ձևավորելով նոր սերնդի միջառարկայական կրթական ծրագրեր և ընդլայնելով միջազգային ակադեմիական համագործակցությունը։
MONTESQ («Interdisciplinary Master’s Program on Governance, Integrity and Anti-Corruption in Armenia and Mongolia») նախագիծը հաղթահարել է մրցութային ընտրության բոլոր փուլերը և ներկայացվել ֆինանսավորման՝ ստանալով 92 միավոր:
Նախագծի նպատակն է կառավարման, բարեվարքության և հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտներում զարգացնել Հայաստանի և Մոնղոլիայի մարդկային, ինստիտուցիոնալ և կրթական կարողությունները՝ ստեղծելով ժամանակակից, միջառարկայական մագիստրոսական կրթական ծրագիր, ինչպես նաև մասնագիտական միկրոորակավորումների համակարգ։
Ծրագրի շրջանակում կմշակվեն, կհավատարմագրվեն և կփորձարկվեն մագիստրոսական չորս կրթական ծրագրեր և տասներկու միկրոորակավորման դասընթացներ, որոնք կներառեն իրավագիտության, հանրային կառավարման, քաղաքական գիտության, տնտեսագիտության, էթիկայի, կրիմինոլոգիայի և թվային կառավարման ոլորտները։
Ուսումնական ծրագրերը հիմնված կլինեն Եվրոպական միության հիմնարար արժեքների՝ օրենքի գերակայության, թափանցիկության, հաշվետվողականության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա։
Նախագիծն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գործնական ուսուցմանը՝ ներառելով պրակտիկաներ, կիրառական հետազոտություններ, դեպքերի ուսումնասիրություններ և համագործակցություն հակակոռուպցիոն պետական մարմինների հետ։ Եվրոպական, հայկական և մոնղոլական բուհերի համագործակցության շնորհիվ MONTESQ-ը կնպաստի բարձրորակ կրթության զարգացմանը, նորարարական դասավանդման մեթոդների ներդրմանը և ծրագրի արդյունքների երկարաժամկետ կայունությանը։
MONTESQ նախագիծը կիրականացվի Հայաստանի, Մոնղոլիայի, Իսպանիայի, Գերմանիայի և Ավստրիայի գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ։ Կոնսորցիումը միավորում է համալսարաններ, պետական կառավարման և արդարադատության ոլորտի հաստատություններ, ինչպես նաև հակակոռուպցիոն մասնագիտացված կառույցներ։
Ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է։
Հայկական գործընկերներն են ՀՀ պետական կառավարման ակադեմիան, Արդարադատության ակադեմիան, «Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ն։ Մոնղոլիան ներկայացնում են Otgontenger University, National University of Mongolia, Independent Authority Against Corruption of Mongolia և Judicial Training, Research and Information Academy։ Եվրոպական գործընկերներն են Universidade da Coruña (Իսպանիա), Universität Tübingen (Գերմանիա)։
MONTESQ-ը ևս մեկ կարևոր քայլ է Երևանի պետական համալսարանի միջազգայնացման ռազմավարության իրականացման, միջազգային գործընկերությունների ընդլայնման և հասարակական զարգացմանն ուղղված նորարարական կրթական նախաձեռնությունների խթանման ճանապարհին։