Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի և «New Norm» AI հարթակի հեղինակ Դիանա Հովհաննիսյանի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել սեմինար-քննարկում՝ «Արհեստական բանականության օգտագործումը հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապևտիկ գործունեության մեջ» խորագրով։
Քննարկվել են AI-ի օգտագործման հնարավորությունները և սահմանափակումները հոգեբանություն մասնագիտության մեջ, ինչպես նաև դրա համապատասխանությունը հիմնարար գիտական և մասնագիտական էթիկայի նորմերին։ «New Norm» ծառայությունը ինքնավերլուծության թվային տարածք է՝ հիմնված արհեստական բանականության ավտոմատացված ուսուցման համակարգերի վրա, որը հիմնականում ուղղված է երիտասարդների լսարանին։ Նկարագրությունը ցույց է տալիս, որ հարթակը օգտատերերին հնարավորություն է տալիս խորհելու սեփական իրավիճակների մասին, զարգացնելու հուզական ինտելեկտը, բացահայտելու ճանաչողական օրինաչափությունները և ստանալու շարունակական աջակցություն ավանդական հոգեբանական ծառայությունից դուրս։ Հարթակն ապահովում է մասնակիցների անձնական տվյալների գաղտնիությունը։
ԵՊՀ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի առաջարկով «Հայաստանի հոգեբանների միություն» մասնագիտական հասարակական կազմակերպությունը սեմինարի, ինչպես նաև «New Norm» հարթակի առանձին տրամադրած նյութերի հիման վրա կազմել է մասնագիտական խորհուրդ, որը, քննության ենթարկելով գործիքի համապատասխանությունը էթիկական նորմերի չափանիշներին, ներկայացրել է համապատասխան եզրակացություն: Այն է՝ «New Norm» ծառայությունը կարելի է բնութագրել որպես ինքնօգնության գործիք, որը համապատասխանում է հոգեբանական պրակտիկայի մի շարք հիմնարար սկզբունքների (օրինակ՝ ինքնավարության աջակցություն, ռեֆլեքսիայի խթանում)։ Արհեստական բանականության գործառական առանձնահատկությունները աշխատանքային գոտի են ստեղծում ինքնօգնության համար և չեն փոխարինում հոգեթերապիային։ Նշված սահմաններում հարթակը համապատասխանում է հոգեբանական էթիկայի նորմերին, որոնք հաստատված են Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի (APA 2006), Հոգեբանների ասոցիացիաների եվրոպական ֆեդերացիայի (EFPA 2011) և Հայաստանի հոգեբանների միության (ՀՀՄ ՄՀԿ 2023) կանոնագրքերում ձևակերպված հիմնարար սկզբունքներին։