ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում կայացավ «Բառեր, հրահանգներ և AI համակարգ» խորագրով հերթական գիտական սեմինարը, որի շրջանակում քննարկվեցին մեքենայական կրթության գործընթացի առանձնահատկությունները։
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող Դիանա Սարգսյանը ներկայացրեց հետազոտական նախագիծ, որը վերաբերում էր մեքենայական կրթության գործընթացում հուզական ինտելեկտի բաղադրիչների և մտավոր գործընթացների կապի հնարավորություններին ու արդյունավետությանը։
Հետազոտության մեջ կարևորվել են տեքստերի մուտքագրման Words Per Minute (WPM) առանձնահատկություններն ու հուզական բաղադրիչների կանխատեսումների ծրագրավորման հնարավորությունը։ Այս հետազոտությունը Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի գործընկերների հետ կատարել է Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Հայկ Աբովյանը իր՝ ԵՊՀ միջգիտական թեզի շրջանակում:
Հետազոտական մյուս նախագիծն իրագործվում է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայի հետ համագործակցությամբ։ Այս առումով ուսումնասիրվում է բառերի, դրանց զուգորդությունների, հուզական գնահատման և պատկերային զուգորդման դերը արհեստական բանականության գործիքներ կիրառելիս ևճիշտ հրահանգներ կազմելիս։ Հետազոտության մեջ հոգեբանության դիտանկյունից կարևորվում են հոգեկան գործընթացների ճանաչողական, հուզական, բառիմաստային ընկալումները և դրանց դերակատարումները արհեստական բանականության գործիքներում։
Գիտական սեմինարը եզրափակվեց ակտիվ քննարկումներով, որոնց ընթացքում կարևորվեց ալգորիթմների և նեյրոնային ցանցերի դերը թե՛ գլխուղեղի կառուցվածքում, թե՛ արհեստական բանականության գործիքներում։
Քննարկման ընթացքում հարցադրումներով և գիտական առաջարկներով հանդես եկան հ.գ.դ., պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, հ.գ.թ., դոցենտ Դավիթ Հայրապետյանը, հ.գ.թ., պրոֆեսոր Վարդուհի Պապոյանը։






