ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնում ս.թ. ապրիլի 20-ին կայացավ «Ինտեգրված մոտեցում մասնագիտական կողմնորոշմանը. հոգեդիագնոստիկ փաթեթի ձևավորում» խորագրով գիտական սեմինարը։
Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի կրտսեր գիտաշխատողներ Հայկ Աբովյանը և Սեդա Պապոյանը ներկայացրին մասնագիտական կողմնորոշման բացահայտմանն ուղղված ստանդարտացված համակարգի թվային մոդելը, որը հնարավորություն կտա ապագա ուսանողներին ինքնուրույն անցնելու գործընթացի հիմնական փուլերը։
Մասնագիտական կողմնորոշումը համակարգված գործընթաց է, որի նպատակն է աջակցել անհատին իր հետաքրքրություններին, հմտություններին և անձնային առանձնահատկություններին համապատասխան կարիերայի ընտրության հարցում։ Հարթակի հիմքում կկիրառվեն ճանաչված հոգեդիագնոստիկ մեթոդիկաներ, ինչպես նաև մշակված պիկտոգրամների համակարգը։ Արդյունքների վերլուծությունը պլանավորվում է կատարել համակցված ալգորիթմների միջոցով։ Նախագիծն անցել է պիլոտային փորձարկումը և միտված է բարձրացնելու մասնագիտական կողմնորոշման հասանելիությունն ու արդյունավետությունը՝ միաժամանակ հանդես գալով որպես համալսարանի կրթական ծառայությունների զարգացման կարևոր քայլ։
Գիտական սեմինարը եզրափակվեց ակտիվ քննարկումներով։ Քննարկման ընթացքում հարցադրումներով և գիտական առաջարկներով հանդես եկան հ.գ.դ., պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, հ.գ.դ. Արսեն Լոքյանը, հ.գ.թ., պրոֆեսոր Վարդուհի Պապոյանը և այլք։


