Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի փորձագետներ Լուսինե Հայրապետյանը, Էլա Մինասյանը և Անի Չախոյանը 2026 թվականի հուլիսի 20-27-ը գործուղվել էին Իտալիայի Նեապոլ քաղաք:
Այցի նպատակը Ազգային հետազոտական խորհրդի (CNR) պոլիմերների, կոմպոզիտային և կենսանյութերի ինստիտուտի (IPCB) (Իտալիա) հետ գիտական համագործակցության խորացումն էր:
Արտասահման գործուղման ծախսերը մասնակի փոխհատուցվել են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» (№25YR-1D019) դրամաշնորհի հաշվին: Դրամաշնորհային ծրագրի օտարերկրյա գործընկերն է պրոֆեսոր Մարինո Լավորգնան, իսկ հայ մասնագետների խմբի ղեկավարը՝ Լուսինե Հայրապետյանը:
Գործուղման ընթացքում հայ մասնագետները իտալացի գործընկերների հետ ծավալել են առանցքային քննարկումներ: Կատարվել են նաև փորձարարական հետազոտություններ:
Նոր սորբենտների մշակում
Թեմայի շրջանակում քննարկվել են սիլիկագելային կրիչի վրա մետակրիլատի սինթեզի առանձնահատկություններն ու վանկոմիցինի անշարժացման մեթոդները: Այս աշխատանքները կարևոր նշանակություն ունեն քիրալ սորբենտների մշակման և դրանց հետագա կիրառման հեռանկարների համար:
Նյութերի հատկությունների վերլուծություն
Համատեղ ուսումնասիրվել են հետազոտական խմբի կողմից ստացված նոր սորբենտի FTIR (ինֆրակարմիր ֆուրյե-սպեկտրոսկոպիա) տվյալները: Բացի այդ՝ կատարվել է TGA (թերմոգրավիմետրիկ) անալիզ, ինչը հնարավորություն է տվել ճշգրիտ գնահատելու նյութի կառուցվածքային և ջերմային հատկությունները:
Գործնական հետազոտություններից զատ՝ կողմերը նախանշել են հետագա համատեղ աշխատանքների քայլերը՝ քննարկելով.
- Գիտականհ համատեղ հետազոտությունների կազմակերպումն ու արդյունքների հրապարակումը միջազգային պարբերականներում,
- Հայ-իտալական դրամաշնորհային առաջիկա մրցույթներին համատեղ մասնակցության հնարավորությունները,
- Իտալացի գործընկերոջ՝ Հայաստան նախատեսվող պատասխան այցի կազմակերպչական մանրամասները:
Գործուղումը նպաստել է ինչպես հետազոտության ընթացիկ փուլերի արդյունավետ իրագործմանը, այնպես էլ ամուր հիմք է ստեղծել հայ-իտալական գիտական համագործակցության ընդլայնման և միջազգային փորձի փոխանակման համար: