ԵՊՀ դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի վերլուծական փորձարկման լաբորատորիան հերթական անգամ հաստատել է իր բարձր որակավորումն ու համապատասխանությունը միջազգային խիստ չափանիշներին: Լաբորատորիան մասնակցել է Մեծ Բրիտանիայի «LGC Proficiency Testing (AXIO)» հեղինակավոր կառույցի կազմակերպած միջազգային համեմատական որակավորման փորձարկման («Proficiency Testing») ծրագրին:
Այս ստուգատեսի նպատակն է անկախ և օբյեկտիվորեն գնահատել մասնակից լաբորատորիաների վերլուծությունների ճշգրտությունը, կիրառվող մեթոդների հուսալիությունը և մասնագետների հմտությունները:
«PHARMASSURE» ծրագրի շրջանակում լաբորատորիան կատարել է քիմիական բարդ վերլուծություն՝ կիրառելով գազային քրոմատոգրաֆիայի (GC) մեթոդը: Փորձարկումները կատարվել են ԱՄՆ դեղագրքային ստանդարտին (USP 621) համապատասխան:
Համաձայն պաշտոնական ամփոփագրի՝ ստացված բոլոր գնահատականները եղել են լիարժեք բավարար («Satisfactory»). լաբորատորիան չի արձանագրել ոչ մի կասկածելի կամ անբավարար արդյունք:
Միջազգային պրակտիկայում արդյունքների ճշգրտությունը չափվում է «Z-score» (Z-գործակից) ցուցանիշով․ լաբորատորիայի գրանցած արդյունքները («Z-score»՝ 0.35 և -1.82) լիովին համապատասխանում են միջազգային ± թույլատրելի տիրույթին՝ փաստելով կատարված հետազոտությունների բարձր ճշգրտությունն ու անթերի որակը։
Այս փորձարկումներին զուգահեռ մասնակցել են աշխարհի տարբեր երկրների 46 առաջատար լաբորատորիաներ: Նմանատիպ միջազգային ստուգատեսներում գրանցած հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԵՊՀ դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնը պատրաստ է տեղական և միջազգային շուկային մատուցելու բարձրորակ ու հավաստի ծառայություններ՝ երաշխավորելով դեղերի որակի վերահսկման անսխալականությունն ու անվտանգությունը:
ԵՊՀ դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի վերլուծական փորձարկման լաբորատորիան դեռևս 2024 թվականից հավատարմագրված է «ISO/IEC 17025» միջազգային ստանդարտով, ինչը երաշխավորում է կատարվող փորձարկումների բարձր հուսալիությունն ու անթերի որակը:
Կենտրոնի գործունեության, մատուցվող ծառայությունների և լաբորատոր հետազոտությունների մասին առավել մանրամասն՝ գլխավոր էջում: