ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի ուսանողները ստացան ժամանակակից հունարենի իմացության վկայականներ
«Յասոն» ծրագրի շրջանակում ս.թ. հունիս 23-ից հուլիս 18-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի անվան համալսարանի ժամանակակից հունարենի դպրոցում կազմակերպվել էին ինտենսիվ դասընթացներ, որոնց մասնակից հայ ուսանողներն օրերս ստացան հունարենի իմացության վկայականները։
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Ղազախստանի ինն առաջատար համալսարանների գերազանց առաջադիմություն ունեցող տասնութ ուսանողներ մասնակցել են հունարենի հեռավար ինտենսիվ դասընթացների: Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի անվան համալսարանի ժամանակակից հունարենի դպրոցում կազմակերպված դասընթացների ընթացքում նրանք ունեցել են հունական մշակույթին առնչվող դասախոսություններ, վիրտուալ այցելություններ Սալոնիկի և Մակեդոնիայի թանգարաններ ու հնավայրեր:
Հավելենք նաև, որ 2000 թվականից սկսած՝ ԵՊՀ-ն Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի հետ համագործակցում է «Յասոն» ծրագրի շրջանակում, որը հնարավորություն է ընձեռում մեր ուսանողներին մասնակցելու հունարենին և հունական մշակույթին նվիրված մեկամսյա, ինչպես նաև ութամսյա դասընթացներին։