Հունաստանի Հանրապետության Թեսալիայի համալսարանի լեզվաբանական և միջմշակութային ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սպիրոս Կիոսեսն այցելեց ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան։
Այցի ընթացքում Հունագիտության կենտրոնի և Ռուս բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի և բակալավրիատի՝ հունարեն ուսումնասիրող ուսանողների համար պրոֆեսոր Կիոսեսը դասախոսություններ կարդաց հունական գրականության և հունարենի վերաբերյալ։ Ներկայացվեց հունական գրականության պատմական զարգացման փուլերի ընթացքը, հույն հեղինակների և նրանց ստեղծագործությունների իմաստային առանձնահատկությունները։ Չափազանց կարևոր և հետաքրքրական էր ուսանողների համար հունարենում հաճախ կիրառվող սխալների և լեզվական շեղումների վերաբերյալ դասախոսությունը։
Դասախոսություններից բացի՝ ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանում կազմակերպվեցին սեմինարներ, որոնց ընթացքում քննարկվեց հունարենի դասավանդման մեթոդիկան, վարժությունների միջոցով անդրադարձ կատարվեց սխալներին, ընթերցվեցին դրվագներ հայ և հույն հեղինակների ստեղծագործություններից՝ կատարելով համեմատական վերլուծություն։

