Փետրվարի 9 Հունարենի համաշխարհային օրն է։
Հունարենի համաշխարհային օրը նշվում է 2017 թվականի փետրվարի 9-ից՝ ի պատիվ հույն մեծ բանաստեղծ, Հունաստանի ազգային օրհներգի հեղինակ Դիոնիսոս Սոլոմոսի։
2025 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը պաշտոնապես ճանաչեց փետրվարի 9 որպես Հունարենի համաշխարհային օր՝ արժևորելով հունարենի բացառիկ դերը համաշխարհային մշակութային և կրթական ժառանգության համատեքստում։
Այդ օրը հունական սփյուռք ունեցող երկրներում, ինչպես նաև հունարենի դասավանդման ավանդույթներ ունեցող երկրներում կազմակերպվում են հունարենին նվիրված միջոցառումներ։
ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանը ընթացիկ տարվա փետրվարի 27-ին Թբիլիսիի պետական համալսարանի դասական, բյուզանդական և նոր հունրենի ուսումնասիրությունների ինստիտուտի հետ համատեղ կազմակերպեց միջոցառում՝ նվիրված Հունարենի համաշխարհային օրվան։
Առցանց միջոցառմանը ԵՊՀ ուսանողները միացան Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի 211 լսարանից:
Ելույթ ունեցան Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Վրաստանում Հունաստանի դեսպան Մարիա Թեոդորուն, ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի տնօրենը, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսորներ, ինչպես նաև երկու համալսարանների ուսանողներ։ Ուսանողները խոսեցին հունարենի հարստության և կարևորության մասին, ներկայացրին իրենց փորձը և նշեցին, թե ինչու են արժևորում հունարենի իմացությունը։





