Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորած «Հորիզոն Եվրոպա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտը հյուրընկալեց Օպոլեի համալսարանի բժշկական գիտությունների ինստիտուտի կլինիկական կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ, դոկտոր Ագնեժկա Ռոմբել–Բրիզեկին: Նա հանդես եկավ զեկուցմամբ՝ նվիրված նոր միացությունների հակաքաղցկեղային ակտիվության in vitro հետազոտություններին։
Դոկտոր Ռոմբել–Բրիզեկի հետազոտական աշխատանքներն ունեն նշանակալի ներուժ հակաքաղցկեղային նորանոր դեղամիջոցների հայտնաբերման և զարգացման գործընթացում։ Իր ելույթում զեկուցողը ներկայացրեց բնական և սինթետիկ միացությունների ազդեցությունը մարդու բջիջների կենսաբանական ակտիվության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցիտոտոքսիկ միացություններին, որոնք կարող են նպաստել քաղցկեղային բջիջների ոչնչացմանը։ Նրա գիտական հետազոտություններն ընդգրկում են նաև տարաբնույթ միացությունների հակաօքսիդանտային, հակաբորբոքային և հակաքաղցկեղային հատկությունների ուսումնասիրություններ։

Զեկուցման ընթացքում անդրադարձ կատարվեց բջջային կուլտուրաների փորձարկման մեթոդաբանությանը, որի միջոցով հնարավոր է գնահատել նոր միացությունների կենսաբանական ակտիվությունը։ Հատկապես կարևորվեց in vitro հետազոտությունների դերը նախքան կլինիկական փորձարկումներ սկսելը: Այն թույլ է տալիս նախնական փուլում առանձնացնել խոստումնալից միացություններն ու վերլուծել դրանց ազդեցությունը բջջային մակարդակում։
Դոկտոր Ռոմբել–Բրիզեկն իր գիտական գործունեության ընթացքում հեղինակել է 29 գիտական հոդված, որոնք ընդգրկում են տարաբնույթ միացությունների կենսաբանական ակտիվության ուսումնասիրության զանազան ասպեկտներ։
Զեկուցումը նոր գիտական խթան դարձավ մասնագետների համար, որոնք զբաղվում են հակաքաղցկեղային բուժման նորարարական մոտեցումներով։ Միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց, որ գիտական փոխգործակցությունը և միջազգային հետազոտական փորձը կարևոր դեր ունեն բժշկագիտության և ֆարմացիայի զարգացման մեջ։