ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) նիստերի սրահում կայացավ «Հայաստանի կերպարն ու ընկալումներն արաբական աշխարհում՝ արաբական մեդիայի միջոցով» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքների ներկայացումը և քննարկումը։
Հետազոտությունն իրականացվել էր ՀՀ ԳԱԱ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ֆինանսավորման շրջանակում։ Նախագծի ղեկավարն էր պ.գ.թ. Մուշեղ Ղահրիյանը, իսկ հետազոտական խմբի անդամներն էին ՀՀԻ կրտսեր գիտաշխատող Ռուզաննա Գասպարյանը և ասպիրանտ Տարոն Առաքելյանը։
Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին հետազոտության հիմնական արդյունքները և դիտարկումները, որոնք վերաբերում էին Ալ Ջազիրայի և Ալ Արաբիայի՝ 44-օրյա պատերազմի լուսաբանման առանձնահատկություններին։
Մասնակիցները նաև համապարփակ ներկայացրին արաբական մեդիայի՝ Հայաստանի մասին ձևավորած պատկերացումները և գնահատեցին մեդիավերլուծության դերը միջազգային հանրային ընկալումների ձևավորման գործընթացում։
Զեկույցում մանրամասնորեն ներկայացվեց, թե ինչպես են երկու առաջատար արաբական լրատվամիջոցները ներկայացրել հակամարտության կողմերին, ինչպես են լուսաբանել երրորդ կողմերի՝ ներառյալ տարածաշրջանային և գլոբալ դերակատարների ներգրավվածությունը, և որքանով է նրանց մեդիադիսկուրսը խարսխված եղել Քաթարի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական դիրքորոշումների վրա: