ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակվել է հայագիտության և ցեղասպանագիտության ոլորտում անկյունաքարային նշանակություն ունեցող «Հայոց ցեղասպանության զոհ կանանց և երեխաների փրկության գործը «Տեղեկատու դիւանի» վավերագրերում. Զավեն պատրիարքի զեկույցը Ազգերի լիգային» աշխատությունը: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և ԵՊՀ-ի համագործակցությամբ լույս տեսած այս գիրքը գիտական շրջանառության մեջ է դնում նախկինում անհայտ կամ քիչ ուսումնասիրված արխիվային փաստաթղթեր:
Աշխատությունը ներկայացնում է 1918 թ. Մուդրոսի զինադադարից հետո Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Զավեն արք. Տեր-Եղիայանի նախաձեռնությամբ կատարված որբահավաքի աշխատանքները: Հետազոտության հիմքում Երուսաղեմի հայոց պատրիարքարանում պահվող «Տեղեկատու դիւանի» բացառիկ վավերագրերն են, որոնք առաջին անգամ ֆրանսերենից և անգլերենից ամբողջությամբ թարգմանվել են հայերեն: Գիրքն ընդգրկում է 1920-1921 թթ. Ազգերի լիգային հանձնված Զավեն պատրիարքի զեկույցները և Առաքել Չաքրյանի տեղեկագրերը, որոնք մանրամասնում են հայ կանանց ու որբերի ազատագրման դժվարին ընթացքը:
Վավերագրերը բացահայտում են օսմանյան իշխանությունների և քեմալականների կողմից հայ կանանց ու երեխաների նկատմամբ իրականացված համակարգված կոտորածների կամ թրքացման քաղաքականության մանրամասները: Ժամանակին որպես առանձին «դոսյե» ստեղծված այս թղթապանակը նպատակ է ունեցել միջազգայնացնելու Հայոց հարցը և իրավական հիմքեր նախապատրաստելու ոճրագործներին պատժելու ու պատմական արդարությունը վերականգնելու համար:
Կարևորագույն այս հետազոտության հեղինակներն են Լուսինե Սահակյանը, Անի Սարգսյանը և Կորյուն եպս. Բաղդասարյանը: Գիտական խմբագրումը կատարել են ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և հրապարակախոս Վաչե Բրուտյանը, իսկ ֆրանսերեն նյութերի թարգմանությունը կատարել է Ասյա Ղարիբյանը:
Հրատարակությունը նախատեսված է մասնագետների, ուսանողների և ցեղասպանությունների կանխարգելմամբ զբաղվող միջազգային կառույցների համար: