«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Երևանի գրասենյակը և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը համատեղ կազմակերպում են «Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով դասընթաց։
Դասընթացի նպատակն է ուսանողներին տրամադրել գիտելիքներ ու վերլուծական հմտությունների կիրառական գործիքակազմ՝ ԵՄ-Հարավային Կովկասի պետություններ, ԵՄ-Հայաստան հարաբերությունների, ԵՄ քաղաքականության, դիվանագիտության, որոշումների կայացման գործընթացի, եվրոպական արժեքների, ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրների, ինստիտուտների, գործընթացների, գլոբալ, ռեգիոնալ և լոկալ ակտորների հարավկովկասյան տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ։
Քառափուլ դասընթացն անցկացվելու է 2026 թ. գարնան, ամռան և աշնան ամիսներին՝ արտագնա ձևաչափով, ՀՀ տարբեր մարզերում գտնվող հյուրանոցային համալիրներից որևէ մեկում: Հանդիպումները անցկացվելու են 4 անգամ (յուրաքանչյուրը՝ 3 օր տևողությամբ՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին), որոնց մասնակցելը պարտադիր է:
Նշյալ ժամանակահատվածներում անցկացվող դասընթացը ներառելու է դասախոսություններ վերոհիշյալ թեմատիկ ուղղություններով, խմբային աշխատանքներ, մտագրոհներ, սիմուլյացիոն/դերային խաղեր, առաջադրանքներ, քննարկումներ, բանավեճեր և հետազոտական աշխատանքներ։
Մասնակցության համար դիմելու հնարավորություն ունեն հայաստանյան բուհերի բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսանողները, ինչպես նաև ՀՀ պետական և ուսումնական հաստատությունների երիտասարդ աշխատակիցները։ Դասընթացը վարելու են քաղաքագիտության, իրավագիտության, տնտեսագիտության, ռազմագիտության, միջազգային հարաբերությունների և հոգեբանության ոլորտներում հեղինակավոր ու ճանաչված ՀՀ և օտարերկրյա գիտնականներ, փորձագետներ, պաշտոնատար անձինք։
Դասընթացի ավարտին ԵՊՀ և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կողմից կտրվեն վկայականներ:
Ծրագրի ֆինանսական ողջ ծախսը հոգում է հիմնադրամը։
Դիմելու վերջնաժամկետը ս.թ. մարտի 15-ն է։ Առաջին փուլում ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն և կհրավիրվեն հարցազրույցի մարտի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում։
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։