Հայ-ռուսական համալսարանում (ՀՌՀ) ս.թ. մարտի 30-ին տեղի ունեցավ հայագիտական համաժողով` նվիրված անվանի գիտնական, հայագետ պրոֆեսոր Կառլեն Միրումյանի հիշատակին:
Միջոցառման շրջանակում Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՌՀ Միրումյանի անվան քաղաքագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպեց «Ժամանակակից հայագիտության միջգիտաճյուղային բնույթը» խորագրով կլոր սեղան-քննարկում:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՌՀ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը, ինչպես նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) հայ-ռուսական հարաբերությունների ուսումնասիրության բաժնի վարիչ Աշոտ Ենգոյանը և ՀՌՀ Միրումյանի անվան քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ՀՀԻ հայ-ռուսական հարաբերությունների ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Հովհաննես Սարգսյանը:
Զեկուցողներն անդրադարձան հայագիտության զարգացման արդի հեռանկարներին, նշեցին ժամանակակից հայագիտական հետազոտությունների նպատակները, միջգիտակարգային ուղղվածության կարևորությունը, ինչպես նաև ներկայացրին այդ գիտական ոլորտի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները: Ընդգծվեց հայագիտության՝ պետականության ամրապնդմանը, հայ ժողովրդի ինքնության ձևավորմանը, ներքին և արտաքին մարտահրավերների բացահայտմանը, ինչպես նաև ազգային անվտանգային և գոյապահպանական հիմնախնդիրների հաղթահարմանը գործնականում օժանդակելու կարևոր դերը:
Միջոցառումը եզրափակվեց ակտիվ քննարկումներով: