ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀԻ) ընթացիկ տարվա հուլիսի 10-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ «Միջդիսցիպլինար հետազոտությունների ուղղություններն ու առանձնահատկությունները Բ. Հարությունյանի անվան լաբորատորիայի գիտական գործունեության համատեքստում» խորագրով, որը նվիրված էր անվանի գիտնական Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85-ամյակին։
Բ. Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության գիտական լաբորատորիայի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Վահրամ Պետրոսյանը՝ առաջին զեկուցման իրավունքը վերապահելով լաբորատորիայի ղեկավար, Բ. Հարությունյանի աշակերտ ու գործընկեր, պատմական գիտությունների դոկտոր Վարդան Մխիթարյանին։ Վերջինս ներկայացրեց մեծանուն գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտությունների վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի կենսագրությունն ու գիտական հարուստ ժառանգությունը։ Բանախոսն ընդգծեց Բ. Հարությունյանի անուրանալի ավանդը Հայաստանում պատմական աշխարհագրության և քարտեզագրության գիտական դպրոցի ձևավորման ու զարգացման գործում։ Կարևորվեց նաև ականավոր գիտնականի հիմնադրած լաբորատորիայի՝ հանրապետությունում բացառիկ գիտահետազոտական կենտրոնի նշանակությունը։
Լաբորատորիայի գիտական ժառանգության, գործունեության հիմնական ուղղությունների և զարգացման հեռանկարների վերաբերյալ ելույթներով ու դիտարկումներով հանդես եկան լաբորատորիայի ավագ գիտաշխատող, պ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանն ու լաբորատորիայի գիտաշխատողներ Ալիկ Ղարիբյանը, Գոհար Ղամբարյանը, Վարդան Ալեքսանյանը։
Անդրադարձ կատարվեց նաև լաբորատորիայում կիրառվող միջդիսցիպլինար (միջգիտակարգային) հետազոտություններին։ Նշվեց, որ պատմության, աշխարհագրության, քարտեզագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների համադրումը թույլ է տալիս պատմական երևույթներն ու գործընթացները հետազոտել համալիր կերպով՝ ստանալով առավել հիմնավորված գիտական արդյունքներ։ Այս հետազոտություններն իրենց ավարտուն դրսևորումն են ստանում ոչ միայն հեղինակային մենագրություններում և հոդվածներում, այլև պատմական ատլասների, թեմատիկ քարտեզների ու գիտակրթական պաստառների տեսքով, որոնք լայնորեն կիրառվում են գիտական, կրթական և մշակութային ոլորտներում։ Առանձնահատուկ ընդգծվեց, որ լաբորատորիայի իրականացրած աշխատանքները Հայաստանի համար ունեն ոչ միայն գիտական ու տեսական, այլև գործնական՝ պետական-ռազմավարական և քաղաքական կարևոր նշանակություն։
Ելույթներին հաջորդած մասնագիտական քննարկման ընթացքում ՀՀԻ ստորաբաժանումների ղեկավարներն անդրադարձան ոլորտի գիտական ձեռքբերումներին, առկա մարտահրավերներին և հետագա առաջնահերթություններին։
Միջոցառումն ամփոփեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վ. Պետրոսյանը՝ ընդգծելով Բ. Հարությունյանի ստեղծած գիտական դպրոցի շարունակականության ապահովման և հայագիտության զարգացման արդի փուլի հետազոտությունների փոխկապակցվածության բացառիկ կարևորությունը։