ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը նախաձեռնում են «Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության ու որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթացը։
Դասընթացի հանդիսավոր բացումը տեղի կունենա ս.թ. ապրիլի 11-ին, որը կազդարարի ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Դասընթացի առաջին փուլը կկայանա ապրիլի 11-12-ը՝ արտագնա ձևաչափով։
Կրթական ծրագրի հիմնական ուղղություններն են՝
ԵՄ-Հայաստան և տարածաշրջանային հարաբերությունների դինամիկան,
ԵՄ դիվանագիտությունը, որոշումների կայացման մեխանիզմներն ու արժեհամակարգը,
Համաշխարհային, տարածաշրջանային և տեղի դերակատարների ազդեցությունը Հարավային Կովկասում։
Ս.թ. գարնանը, ամռանը և աշնանը նախատեսված քառափուլ դասընթացը կիրականացվի ՀՀ մարզերում։ Ուսումնական պլանը ներառում է ինտերակտիվ դասախոսություններ, մտագրոհներ, սիմուլյացիոն խաղեր և հետազոտական աշխատանքներ։
Ծրագրին ներգրավված են հայաստանյան բուհերի բարձր կուրսերի ուսանողներ, պետական և ուսումնական համակարգի երիտասարդ մասնագետներ։ Դասընթացը կվարեն քաղաքագիտության, անվտանգային հետազոտությունների, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների և հարակից ոլորտների ճանաչված հայ և օտարերկրյա գիտնականներ, փորձագետներ ու պաշտոնատար անձինք։
Դասընթացները նպատակաուղղված են երիտասարդների վերլուծական հմտությունների զարգացմանը և եվրոպական ինտեգրման գործընթացների վերաբերյալ փորձագիտական նոր հմտությունների, գիտելիքների ձեռքբերմանը, ձևավորմանն ու խորացմանը։