Օրերս Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էին փորձնական միասնական քննություններ՝ նախատեսված բուհ ընդունվել պատրաստվող ավագ դպրոցի աշակերտների համար։

Նախաձեռնությունն ուղղված էր միասնական ընդունելության քննությունների իրական ընթացքը վերարտադրելուն՝ ստեղծելով հնարավորինս նման միջավայր ապագա դիմորդների համար։
Քննությունները կազմակերպվել էին երեք օրերի ընթացքում՝ հնարավորություն ընձեռելով մասնակցելու հետևյալ առարկաների քննություններին․
- Մաթեմատիկա,
- Անգլերեն,
- Հայոց լեզու և հայ գրականություն,
- Քիմիա,
- Կենսաբանություն,
- Հայոց պատմություն,
- Ռուսաց լեզու:
Վերոնշյալ յոթ առարկաների քննություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 3550 դիմորդ։
Դիմորդները հնարավորություն ունեցան ոչ միայն ստուգելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, հաղթահարելու քննությունից առաջ եկող լարվածությունն ու վախը, այլև ծանոթանալու քննության ընթացակարգին, ձևաչափին, ժամային սահմանափակումներին, գնահատման չափորոշիչներին և այլն։
Ծրագիրն իր բովանդակությամբ և ծավալով մեծամասշտաբ էր՝ հագեցած տեխնիկական և կազմակերպական բարձր ապահովմամբ։
Քննության գործընթացի կազմակերպման համար կիրառվել են ծրագրային արդի մեթոդներ և գործիքներ։ Աշխատանքային տարբեր մասնախմբերում ներգրավված են եղել ԵՊՀ շուրջ 200 կամավոր ուսանողներ։
Ամփոփելով կարելի է նշել, որ նախաձեռնությունը նպատակ ուներ խթանելու կրթության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը, ինչպես նաև ձևավորելու վստահելի կամուրջ ապագա ուսանողների և Երևանի պետական համալսարանի միջև։