ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ կայացավ «Camp&Therapy» խորագրով ճամբարը, որի նպատակն էր ուսումնական և փորձառական միջավայրում ուսանողներին հնարավորություն տալ լսարանային պայմաններից դուրս ծանոթանալու անձնային խանգարումներին, դրանց դրսևորումներին, ինչպես նաև փոխանցելու գործնական հմտություններ՝ ուղղված նման խնդիրներով մարդկանց հետ աշխատանքում կիրառմանը։

Հուլիսի 18-20-ը Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում անցկացված ճամբարի հիմքում ինտեգրացիոն մոդելն էր, ինչը հնարավորություն տվեց համադրելու տեսական գիտելիքները, մասնագիտական բանախոսությունները, փորձառական վարժությունները, ինտերակտիվ դերային խաղերն ու խմբային աշխատանքները։
Եռօրյա ծրագրի շրջանակում կազմակերպված սեմինարներն ուղեկցվեցին «CampDo» ձևաչափով հանդիպումներով, ինչի շնորհիվ մասնակիցներն իրականին հնարավորինս մոտ փորձառությամբ ամրապնդեցին տեսական պատկերացումները։ Վերոնշյալից զատ՝ ուսանողները հնարավորություն ունեցան նաև անցնելու անձնային աճի և ինքնակարգավորման պրակտիկաներ:
Անդրադառնալով ճամբարի կազմակերպման կարևորությանը՝ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սյուզաննա Դանիելյանը նշեց, որ երեք օրերի ընթացքում ճամբարը վերածվեց ոչ միայն մասնագիտական հմտությունների զարգացման հարթակի, այլև համընդհանուր անձնային աճի, համագործակցության և գործընկերային մթնոլորտի ստեղծման իրական հարթակի։ Ս․ Դանիելյանի խոսքով՝ ճամբարի շնորհիվ ուսանողը կարողացավ դուրս գալ դասական սեմինարների շրջանակից և «տեսնել» հոգեբանությունը գործողության մեջ։
![]() | ![]() |
«Ճամբարի մասնակիցների արձագանքներն ու ցուցաբերած ակտիվությունն ապացուցեցին, որ նման ձևաչափերն անհրաժեշտ են հոգեբանության ուսուցման գործընթացում՝ ապահովելու ուսանողների շրջանում գիտելիքի և փորձի հավասարակշռված մատուցում։ Այս օրերին արձանագրված արդյունքները հիմք են դառնում, որ ծրագիրը լինի շարունակական՝ ընդգրկելով մասնակիցների ավելի լայն շրջանակ»,- ընդգծեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը։
Ճամբարական 3 օրերը մասնակիցների հետ անցկացրին ԵՊՀ սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս Անի Մարգարյանը և անձի հոգեբանության ամբիոնի դասախոս Հասմիկ Հակոբյանը: