Սեպտեմբերի 24–25-ը Երևանում անցկացվեց «Digital Transition in University Governance and Management» խորագրով երկօրյա տեխնիկական աջակցության առաքելություն, որի շրջանակում քննարկվեցին բարձրագույն կրթության կառավարման և կառավարման գործընթացների թվային փոխակերպմանն առնչվող հարցեր։
Միջոցառման առաջին օրն անցկացվեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում, իսկ երկրորդ օրը հանդիպումները շարունակվեցին Երևանի պետական համալսարանում։ Երկօրյա ծրագրին մասնակցում էին բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։
ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման շրջանակում ՏՏԿՀ գործադիր տնօրեն Արթուր Ավագյանը հանդես եկավ «Digital Transformation of Armenian Universities: The Case of Yerevan State University» թեմայով զեկուցմամբ։
Զեկուցման ընթացքում ներկայացվեցին ԵՊՀ թվային փոխակերպման ներկայիս վիճակը, գործող թվային համակարգերն ու ծառայությունները, իրականացվող նախաձեռնությունները, գրանցված ձեռքբերումները, հիմնական մարտահրավերներն ու հետագա զարգացման առաջնահերթությունները։
Ծրագրի մասնակից միջազգային փորձագետները ներկայացրին նաև բարձրագույն կրթության թվային փոխակերպման եվրոպական փորձը՝ անդրադառնալով ինտեգրված համալսարանական տեղեկատվական համակարգերին, համակարգերի փոխգործունակությանը, տվյալների կառավարմանը, համատեղ թվային ծառայություններին, տվյալահենք որոշումների կայացմանը և արհեստական բանականության աջակցությամբ կառավարման նոր ծառայություններին։
Քննարկումների առանձին հատվածներում մասնակիցները դիտարկեցին Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա թվային համակարգերի, տվյալների հոսքերի և վարչական գործընթացների բացերը, այդ թվում՝ համակարգերի փոխգործունակության, տվյալների կրկնօրինակման, թվային և թղթային գործընթացների զուգահեռության, անվտանգության և հասանելիության կառավարման խնդիրները։
Տեխնիկական աջակցության առաքելության քննարկումները միտված էին Հայաստանի բարձրագույն կրթության թվային փոխակերպման ճանապարհային քարտեզի ձևավորմանը՝ հիմնված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների վրա: