Ընթացիկ ուստարվա ապրիլի 8-ին Երևանում տեղի ունեցավ «Doing Digital Forum 2026»-ը՝ «Bridging Platforms & Economies» խորագրով։ Ֆորումը թվային տնտեսության և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի տարածաշրջանային կարևոր միջոցառումներից է, որը համախմբում է միջազգային փորձագետների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների, պետական կառույցների ղեկավարների և ոլորտի մասնագետների։
Ֆորումի նպատակն է ձևավորել թվային համագործակցության նոր հարթակներ և ստեղծել կամուրջներ տեխնոլոգիական հարթակների, տնտեսությունների և տարածաշրջանների միջև։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին թվային ֆինանսների զարգացումը, վճարումների նոր ենթակառուցվածքները, բաց ֆինանսների համակարգերը, թվային ինքնության լուծումները, ինչպես նաև արհեստական բանականության կիրառումը բիզնեսի և ծրագրավորման ոլորտներում։
Ֆորումին մասնակցում էին շուրջ 30 միջազգային և տեղական խոսնակներ։ Ելույթներով հանդես եկան «Amazon Web Services»-ի ներկայացուցիչը, «Ant International» կազմակերպության փոխնախագահը, «Visa» ընկերության ներկայացուցիչը, ինչպես նաև ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտի միջազգային այլ փորձագետներ։ Հայաստանի թվային զարգացման վերաբերյալ հանդես եկան նաև ՀՀ կենտրոնական բանկի ղեկավարությունը պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։
Երևանի պետական համալսարանը հանդես է գալիս որպես ֆորումի տեղեկատվական աջակից։ ԵՊՀ-ի և միջոցառման կազմակերպիչների միջև համագործակցության շրջանակում ուսանողները հնարավորություն են ստացել մասնակցելու միջազգային ֆորումին, ծանոթանալու ոլորտի նոր միտումներին և ընդլայնելու մասնագիտական գիտելիքները։
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի (ՏՏԿՀԿ) ուսանողները համագործակցության շրջանակում ֆորումին մասնակցելու հնարավորություն ստացան։ ՏՏԿՀԿ «Տեղեկատվական համակարգերի մշակում» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Վասիլյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց իր տպավորությունները. ««Doing Digital Forum 2026»-ի ընթացքում քննարկվեցին հետաքրքիր թեմաներ՝ թվային տեխնոլոգիաների կիրառումն ու զարգացումը ֆինանսների ոլորտում, բանկային համակարգերի ապագան, վճարումների նոր մեխանիզմները, ինչպես նաև արհեստական բանականության կիրառումը ծրագրավորման մեջ և բիզնեսում։ Հատկապես հետաքրքիր էր, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը փոխում ծրագրավորման գործընթացը։ Այսպիսի միջոցառումները ուսանողների համար շատ կարևոր են, քանի որ օգնում են հասկանալ, թե ինչ տեխնոլոգիաներ են այսօր կիրառվում, և ինչպես կարող են դրանք ազդել ապագա մասնագիտությունների վրա։ Հանդիպեցինք և հետաքրքիր քննարկումներ ունեցանք որոշ մասնակիցների հետ»։
«Doing Digital Forum»-ը կարևոր հարթակ է նաև ուսանողների և երիտասարդ մասնագետների համար՝ ծանոթանալու միջազգային փորձին, հասկանալու ոլորտի զարգացման ուղղություններն ու ձևավորելու մասնագիտական կապեր։ Կենտրոնը կարևորում է ուսանողների մասնակցությունը նման նախաձեռնություններին և խրախուսում նրանց ներգրավվածությունը թվային, տեխնոլոգիական զարգացման գործընթացներում։