2026 թվականի հուլիսի 21-ից օգոստոսի 3-ը Չինաստանի Ուհան քաղաքում անցկացվել է «Seminar on Information System Integration and Management for Developing Countries» միջազգային մասնագիտական սեմինարը, որին մասնակցել են նաև Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ, նրանց թվում՝ ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի (ՏՏԿՀ) աշխատակիցներ։
«Wuhan Research Institute of Posts and Telecommunications»-ի կազմակերպած սեմինարը նվիրված էր տեղեկատվական համակարգերի ինտեգրման ու կառավարման, ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաների և թվային ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող մի շարք արդիական ուղղությունների։
Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Չինաստանի տնտեսական զարգացման պատմությանը և զարգացման տեսլականին, ինչպես նաև երկրի տեխնոլոգիական առաջընթացի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման փորձին։
Մասնագիտական դասընթացներին ներկայացվել են հաղորդակցական և հաշվարկային տեխնոլոգիաների ինտեգրումը 6G հաղորդակցական տեխնոլոգիաներին, կիբեռանվտանգության և կիբեռուժի ճարտարապետության ու քաղաքականության մշակման մոտեցումները, PON («Passive Optical Network») տեխնոլոգիաները և դրանց կիրառությունները, ամպային տեխնոլոգիաների սկզբունքներն ու իրականացման օրինակները, ինչպես նաև F5G ցանցերի և All-Optical ցանցերի զարգացման ներուժը։
Սեմինարի շրջանակում մասնակիցներն այցելել են նաև Չինաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններ՝ FiberHome, Hikvision և Hengtong, որտեղ ծանոթացել են ընկերությունների զարգացման պատմությանը, տեխնոլոգիական լուծումներին, աշխատանքային միջավայրին և արտադրանքին։
ՏՏԿՀ կենտրոնի աշխատակից Ելենա Պետրոսյանի խոսքով՝ սեմինարը հնարավորություն է տվել ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերել ժամանակակից տեխնոլոգիական ուղղությունների վերաբերյալ, այլև անմիջականորեն ծանոթանալ ոլորտի առաջատար ընկերությունների փորձին։
«Սեմինարի ընթացքում ներկայացված թեմաները բավական լայն էին: Հատկապես հետաքրքիր էր համադրել տեսական գիտելիքներն ու տեխնոլոգիական առաջատար ընկերությունների գործնական փորձը։ FiberHome, Hikvision և Hengtong ընկերություններ կատարած այցերի ընթացքում հնարավորություն ունեցանք ծանոթանալու դրանց զարգացման պատմությանը, տեխնոլոգիական լուծումներին, արտադրանքին և աշխատանքային միջավայրին։ Սա թույլ տվեց ավելի ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները մշակվում և կիրառվում իրական միջավայրում։
Կարծում եմ՝ մասնագիտական փոխանակման նման ծրագրերը կարևոր են ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերելու, այլև միջազգային կապեր ձևավորելու և հետագա համագործակցության հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից։ Հատկապես կարևոր է շարունակել համագործակցությունը գիտական և տեխնոլոգիական առաջատար կենտրոնների հետ՝ կազմակերպելով փոխադարձ այցելություններ, փորձի փոխանակում և համագործակցության այլ ձևաչափեր։
Նման ծրագրերը կարող են նպաստել նաև Հայաստանի գիտահետազոտական կենտրոնների միջազգային տեսանելիության բարձրացմանը և մեր երկրում ժամանակակից տեխնոլոգիական փորձի կիրարկմանը»։
Սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը նախատեսվում է կիրառել ՏՏԿՀ կենտրոնի կրթական և հետազոտական գործունեության շրջանակում՝ նպաստելով ժամանակակից տեխնոլոգիական ուղղությունների վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանը և միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։