ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցության արդյունքում կազմակերպվեց քաղաքացիական կրթության ոլորտին նվիրված «ToolGather» տոնավաճառը։
Միջոցառման նպատակն էր միավորել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք ստեղծում կամ կիրառում են քաղաքացիական կրթության գործիքներ՝ խաղեր, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցներ, մոդելներ և այլ մեթոդաբանություններ։
Տոնավաճառ՝ կրթական գործիքների ներկայացմամբ
Միջոցառման շրջանակում կազմակերպությունները և անհատները ներկայացրին իրենց մշակած կրթական գործիքները՝ ցույց տալով դրանց կիրառման օրինակներ։ Տոնավաճառը դարձավ վառ գաղափարների ու նոր լուծումների հանդիպման վայր։ Ըստ կազմակերպիչների՝ միջոցառման նպատակն էր ստեղծել փոխգործակցության հարթակ՝ զարգացնելու քաղաքացիական կրթությունը՝ շնորհիվ նորարարական գործիքների։
Պանելային քննարկում՝ «Քաղաքացիական կրթությունը և ինքնությունը» թեմայով
Տոնավաճառի կարևոր բաղադրիչներից մեկը պանելային քննարկումն էր, որը հյուրընկալեց ոլորտի առաջատար փորձագետներին։ Քննարկման ընթացքում խոսվեց քաղաքացիական կրթության և ինքնության դերի մասին, թե ինչպիսի դեր ունեն դրանք յուրաքանչյուր անհատի կյանքում՝ ձևավորելու նրանց հասարակական պատասխանատվությունը և արժեհամակարգը։ Փորձագետները ընդգծեցին կրթության ու ակտիվ քաղաքացիների ձևավորման կարևորությունը։
Թեմատիկ աշխատարաններ՝ ինտերակտիվ մոտեցմամբ
Միջոցառման հետաքրքիր հատվածը կազմեցին նաև տարբեր թեմաներով անցկացված աշխատարանները։ Աշխատանքներն ընդգրկում էին ինտերակտիվ և կիրառական միջոցներ, որոնց շնորհիվ մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց ձեռք բերելու գործնական հմտություններ։ Աշխատարանները խրախուսում էին համագործակցային մոտեցումները։
Խաղայնացված միջավայր՝ նոր մոտեցում կրթական գործիքների տարածմանը
Միջոցառման եզրափակիչ մասը լրացվեց խաղայնացված միջավայրում, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան վաստակելու միավորներ՝ մասնակցելով տարբեր գործողությունների և կրթական խաղերի։ Օրվա վերջում վաստակած միավորները փոխանակվեցին կրթական խաղերի և այլ գործիքների հետ։ Սա նորարարական մոտեցում էր, որը նպաստեց խաղերի միջոցով կրթական նպատակների հասնելու գաղափարի տարածմանը։
«ToolGather» տոնավաճառը յուրահատուկ հնարավորություն էր՝ միտված կրթական նորարարությունները բացահայտելուն, զարգացնելուն, ինչպես նաև ստեղծելու գործընկերություններ քաղաքացիական կրթության ոլորտում։ Միջոցառումն ամփոփվեց «Folkastic» բենդի երաժշտական ելույթով։