ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համագործակցության շրջանակում համալսարանում հյուրընկալվել էին Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետները՝ տեսուչ Գոռ Ադամյանը, Նարեկ Հովհաննիսյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Աննա Ղանդիլյանը։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի և ուսանողների հետ։ ԵՊՀ պրոռեկտորի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ընդլայնելու համագործակցությունը և այն դարձնելու առավել բազմակողմանի։
Այս հանդիպումը բացառիկ էր նրանով, որ ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեցան ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հրավեր ստանալու՝ միանալու իրենց թիմին և դառնալու վաղվա ավիացիայի առաջատար մասնագետներ:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առաջարկը հնարավորություն է ընձեռում ուսանողներին դառնալու միջազգային մակարդակի մասնագետ ավիացիայի ոլորտում, աշխատելու փորձառու մասնագետների հետ, մասնակցելու միջազգային ծրագրերի և վերապատրաստումների, կառուցելու կայուն կարիերա պետական ոլորտում՝ ունենալով կարիերայի աճի հստակ հեռանկար և համատեղելու ուսումը աշխատանքի հետ։
Հանդիպման ընթացքում ուսանողները տեղեկացան կառույցի ընձեռած այս առաջարկի մասին, որի միջոցով կունենան աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորություն։
Հանդիպման ավարտին ուսանողները կոմիտեի ներկայացուցիչներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։