ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Adobe» ընկերության համագործակցության շրջանակում ԵՊՀ ուսանողների համար կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում՝ «Adobe»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման առանցքում ընկերության գլոբալ իննամսյա վճարովի ուսնակության ծրագիրն էր, որը երիտասարդ մասնագետների համար նոր հորիզոններ բացելու, միջազգային փորձ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտում սեփական ներուժը բացահայտելու կարևոր հնարավորություն է։
«Adobe Armenia»-ի ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրին ընկերության գործունեությունը, ծրագրի առանձնահատկությունները, մասնակցության պայմաններն ու դիմելու չափանիշները՝ անդրադառնալով նաև միջազգային թիմերում աշխատելու, իրական նախագծերում ներգրավվելու և մասնագիտական կարողությունները զարգացնելու հեռանկարներին։
Ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպումը հնարավորություն ընձեռեց ուսանողներին անմիջապես ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ավելի լավ պատկերացնելու ծրագրի ընձեռած առավելություններն ու ծանոթանալու «Adobe»-ում կարիերայի հեռանկարներին։
Հանդիպումն ավարտվեց անակնկալներով. «Adobe»-ի ներկայացուցիչները մասնակիցներին հանձնեցին նաև խորհրդանշական նվերներ։





