Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, համագործակցելով «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի հետ, ԵՊՀ ուսանողների համար կազմակերպեց «Առցանց ատելության խոսքի և վիրավորանքի նույնականացում և բացառում» խորագրով դասընթացը։
Դասընթացի շրջանակում մասնակից ուսանողները հնարավորություն ունեցան խորացնելու գիտելիքներն ու զարգացնելու գործնական հմտությունները՝ առցանց տիրույթում ատելության խոսքի և վիրավորանքի, մասնավորապես՝ գենդերային և քաղաքական հիմքով դրսևորումների ճանաչման, նույնականացման և դրանց հակազդման ուղղությամբ։
Ծրագիրն ընդգրկում էր հետևյալ հիմնական թեմատիկ ուղղությունները՝
Իրավական հատված. խոսքի ազատության և ատելության խոսքի իրավական սահմանազատում, ԵՄ և ՄԻԵԴ չափանիշներ, ՀՀ օրենսդրություն և դատական պրակտիկա։
Գենդերային հիմքով ատելության խոսք և հաղորդակցություն. գենդերային կարծրատիպերի, նախապաշարմունքների, առցանց բուլինգի և թիրախավորման մեխանիզմների ուսումնասիրություն։
ԶԼՄ-ների ինքնակարգավորում և էթիկական նորմեր. մեդիայի էթիկական սկզբունքներ, ինքնակարգավորման մեխանիզմներ և մեկնաբանությունների վարման խմբագրական քաղաքականություն։
Դասընթացը վարեցին փաստաբան և իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը, ԵՊՀ դասախոս Անի Կոջոյանը և ԶԼՄ-ների դիտորդ մարմնի համակարգող Հերիքնազ Հարությունյանը։
Դասընթացին կհաջորդի տվյալահենք հետազոտական կրթաթոշակների ծրագիրը, որի շրջանակում մրցութային կարգով ընտրված 6 ուսանող հնարավորություն կունենա ստանալու հետազոտական ֆինանսավորում և մասնագետների մենթորությամբ իրականացնելու գիտական հետազոտություններ «moderAItor»-ի տվյալների հիման վրա։





